Կորոնավիրուսի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ. ԱԺ-ն ընդունեց երեկ քննարկած բոլոր նախագծերը

12 andzz

Խորհրդարանն այսօր առաջին  ընթերցմամբ ընդունել է «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ կից  օրենսդրական փաթեթով:

Նախաձեռնության նպատակն է որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաև սահմանել այդ լիազորության իրականացման կարգը: Սահմանվել են այն 10  դեպքերը, երբ բնապահպանության ոլորտում խախտումների դեպքում կարող է անմիջապես կասեցվել սուբյեկտի գործունեությունը:

ԱԺ-ն ընդունել է պատգամավորների առնվազն մեկ քառորդի ներկայացրած «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը: 

ԱԺ որոշման նախագծի նախաձեռնողներն առաջարկում են քննիչ հանձնաժողովի անդամների թիվն ըստ Դոնթի բանաձևի՝ սահմանել 12՝ 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» և 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Սոնա Ղազարյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նաև պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով ապահովվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում իրականացվող փոփոխությունների կիրարկումը:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ՀՀ կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի և Արթուր Գրիգորյանի հեղինակած օրենքի նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ: Նախագծով առաջարկվում է բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար սահմանել պետական տուրքի գծով արտոնություն, եթե կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղու շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումների կազմակերպմամբ:

Խորհրդարանն ընդունել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն հանել 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից: Նշվել է, որ ներդրումային ծրագրերի ներգրավմամբ, այդ թվում նաև Կառավարության օժանդակությամբ կիրականացվեն ավտոկայարանային համակարգի բարեփոխումներ, ինչի արդյունքում կբարձրանան մատուցվող ավտոկայարանային ծառայությունների որակը, և միջպետական ու ներհանրապետական ուղևորափոխադրումերի կազմակերպումը կդառնա առավել արդյունավետ:

Օրենսդիրն առաջին ընթերցմամբ հաստատել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և կից օրենսդրական փաթեթը գործադիրն առաջարկում է լիցենզավորել ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով: Առաջարկվում է ՀՀ կառավարությանն օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը, սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ձեզ կեհաքրքրի...