Գալուստ Սահակյանի որդին մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում. գործով անցնում է նաեւ փաստաբան

Galust

Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Տիգրան Սահակյանի եւ Երեւանի քաղաքապետարանի երեք նախկին աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Հարություն Մանուկյանին: Դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ նիստի օր դեռեւս նշանակված չէ:

Այս քրեական գործի մասին հայտնի դարձավ վերջերս, երբ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու եւ քաղաքացիական գործի շրջանակում ապացույցներ կեղծելու համար: Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Սահակյանը Երեւանի Աբելյան փողոցում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամի շենքը շուկայականից էականորեն ցածր գնով ձեռք բերելուց հետո՝ 2003 թվականի հունիսին, դիմել է քաղաքապետարան՝ դրա ընդլայնման եւ բարեկարգման նպատակով լրացուցիչ հողատարածք տրամադրելու համար, սակայն պայմանագիրը կողմերի միջեւ կնքվել է միայն 2004 թվականի փետրվարին, իսկ այդ ժամանակ արդեն տեղի է ունեցել կադաստրային արժեքների փոփոխություն, ըստ որի՝ հողատարածքի գինը մոտ երեք անգամ ավելացել է, եւ Սահակյանը հին՝ առավել ցածր գին վճարելու համար, կեղծել է պայմանագիրը՝ նշելով, որ այն կնքվել է ոչ թե 2004 թվականի հունիսին, այլ 2003 թվականի փետրվարին, եւ հայցադիմում ներկայացնելով ընդդեմ քաղաքապետարանի՝ կեղծ ապացույցով կարողացել է այն ձեռք բերել հին արժեքով. «Արդյունքում՝ պետությանը որպես հողամասի կադաստրային արժեք վճարման ենթակա 51.347.400 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 16.623.437 ՀՀ դրամ՝ պետությանը պատճառելով 34.723.963 ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:

Տիգրան Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը ծանրաբեռնվածության պատճառով մեզ հետ երկար զրուցել չկարողացավ, միայն նշեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում. «Երկու անգամ հարցաքննվել է՝ դիրքորոշում հայտնելով, որ չի ընդունում, այն որակում է որպես քաղաքական հետապնդում՝ կապված իրենց ազգանվան, իրենց ընտանիքի հետ»: Պաշտպանի խոսքով՝ ամիսներ տեւած նախաքննության ընթացքում Տիգրան Սահակյանի մասնակցությամբ որեւէ առերեսում չի եղել, ինչը, ըստ նրա, վկայում է, որ նրա դեմ ցուցմունք տվող անձ չի եղել:  Նշենք, որ Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ 2004 թվականին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, այդ ժամանակ՝ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ներկայումս Փաստաբանների պալատի անդամ, գործող փաստաբան Կարեն Սարդարյանին. նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ըստ մեղադրանքի՝ Սարդարյանը, պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով ապահովել քաղաքապետարանի շահերի պաշտպանությունը դատարանում, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Արման Սահակյանին օգտակար լինելու ձգտմամբ (խոսքը Գալուստ Սահակյանի մյուս որդու մասին է, որն այդ ժամանակ եղել է քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը,- խմբ.), հայցադիմումում նշված կեղծ փաստական տվյալների վերաբերյալ առարկություն չի ներկայացրել դատարանին, փոխարենը նույն վարչության առաջին կարգի մասնագետի հետ պատասխանել են, որ հարցի գնահատումը եւ ըստ էության լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը, որի արդյունքում ակնհայտ կեղծ փաստական տվյալների հիման վրա դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ Տիգրան Սահակյանի:

Մեր զրույցում Կարեն Սարդարյանն ասաց, որ ինքը եվս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ինչի վերաբերյալ տվել է մանրամասն ցուցմունք. ըստ Սարդարյանի՝ ինքն առհասարակ տեղեկություն չի ունեցել` ինչ-որ կեղծիք կատարվել է թե ոչ, հիմա էլ չգիտի, եւ կարծում է՝ դա դատարանը կպարզի:

Կարեն Սարդարյանի խոսքով՝ տվյալ ժամանակահատվածում վարչության պետը եւ գլխավոր մասնագետը գտնվում էին գործուղման մեջ, եւ ողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր իր եւ այլ աշխատակցի վրա. «Այդ ամբողջ վարչությունում մնացել էին երեք հոգով, որից մեկը անձնական պատճառներով չէր կարող շատ ծանրաբեռնվել, ուստի ողջ ծանրաբեռնվածությունը իմ եւ այդ աշխատակցի վրա էր, բայց մենք ոչ միայն պարտականություն չունեինք բոլոր գործերով դատարանում ներկայացնել քաղաքապետարանի շահերը, այլ անգամ ֆիզիկապես չէինք հասցնում. համեմատության համար ասեմ, որ այսօր քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում երեք բաժին կա եւ տասնյակից ավելի աշխատակիցներ»:

Հարցին՝ որպես վարչության պետի պաշտոնակատար՝ ինքը հնարավորություն չի՞ ունեցել իմանալու՝ կնքված պայմանագրի ամսաթիվը կեղծված է, թե ոչ, Սարդարյանը պատասխանեց, որ պետը պարտականություն չունի բոլոր դատական գործերի նյութերը ուսումնասիրելու, այլ միայն պետք է ապահովի դատական պաշտպանություն. «Կոնկրետ դեպքում գործն ի սկզբանե մակագրվել է վարչության այլ աշխատակցի, ես նույնիսկ չեմ էլ իմացել՝ նա ծանոթացել է այդ նյութերին, թե չէ, բայց դա, ըստ էության, նրա իրավունքն է, ոչ թե պարտականությունը, ես նրան էլ չեմ մեղադրում, որովհետեւ այդպիսի գործերով ընդհանուր մոտեցում կար, որ աշխատողն էլ կարող է չգնալ»:

Ըստ Սարդարյանի՝ այդպիսի բազմաթիվ գործեր են եղել, որոնցով, եթե պարզապես իրավական գնահատականի հարց է եղել, իրենք չեն ներկայացել դատարան՝ հայտնելով, որ խնդրի լուծումը թողնում են դատարանի հայեցողությանը. ըստ նրա՝ դա նորմալ պրակտիկա է եղել եւ այսօր էլ կա, սակայն քննիչի կողմից դա անհասկանալիորեն չի ստուգվել:

Կարեն Սարդարյանը նշեց՝ ինքը որեւէ շահ չուներ Սահակյաններին օգնելու, քանի որ նրանց հետ, առավել եվս՝ քաղաքապետարանի մշակույթի վարչության, երբեւէ չի առնչվել. նրա խոսքով՝ քաղաքապետարանում աշխատել է 2001-2006 թվականներին, սակայն ոչ մի անգամ նրանք իրեն խնդրանքով չեն դիմել եւ նրանց համար էլ որեւէ մեկը իրեն չի դիմել. «Դրանից մի քանի ամիս հետո ես ազատման դիմում գրեցի, բայց քաղաքապետը չմակագրեց, համոզեց՝ մի քիչ էլ մնամ, 2006 թ. արդեն, երբ սկսեցի զբաղվել գիտական-մանկավարժական գործունեությամբ, երկրորդ անգամ դիմում գրեցի եւ դուրս եկա, ուզում եմ ասել, որ ես կառչած չեմ եղել այդ պաշտոնից, որ մի հատ էլ ինչ-որ մեկի համար հանցանք կատարեի»:

Կարեն Սարդարյանը շեշտեց նաեւ, որ քրեական գործով անցել են պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետները, եւ եթե ինքը որեւէ առնչություն ունենար, հաստատ կօգտվեր դրանից, բայց քանի որ առնչություն չունի, իր համար սկզբունքային է դատարանով իր անմեղությունն ապացուցելը:

Կարեն Սարդարյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել՝ հաշվի առնելով նրա՝ որպես փաստաբանի աշխատանքի առանձնահատկությունները: Նշենք, որ փաստաբանի արտոնագիրը ուժը կորցրած կարող է ճանաչվել, եթե նրա մեղավորությունն ապացուցվի օրինական ուժի մեջ մտած դատավճռով, սակայն Սարդարյանի կարծիքով՝ անգամ այդ պարագայում, ինչը ինքը բացառում է, դա իր արտոնագրի վրա հետեւանք ունենալ չի կարող, քանի որ ինքը համոզված է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը կարճվելու է վաղեմության հիմքով:

Քրեական գործի շրջանակում Սարդարյանին օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նույն վարչության առաջին կարգի մասնագետ, նախկին աշխատակից Արմինե Ստեփանյանին, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար՝ իրավաբանական վարչության նախկին պետ Արտյոմ Սարգսյանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը

 

armtimes

Ձեզ կեհաքրքրի...