Պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործը կքննվի նորից

kqnnvi noric

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, ներկայիս պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ գործը վերամակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք նստավայրի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:

Մինչեւ վերջերս այն գտնվում էր նույն նստավայրի դատավոր Վարդան Ա. Գրիգորյանի վարույթում, սակայն նրա լիազորությունները դադարել են պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով, ուստի գործը փոխանցվել է նոր դատավորի, որը գործի քննությունը պետք է սկսի սկզբից:

Դատական տեղեկատվական համակարգում այս պահին նշված չէ՝ դատավոր Մելիքսեթյանը այն վարույթ ընդունե՞լ է, նիստ նշանակվե՞լ է, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ Վյաչեսլավ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ: Դատաքննության փուլում, սակայն, Հարությունովը պնդել էր, թե ինքն իրեն տուժող չի համարում: Այս գործով Էդուարդ Բաբայանը 2019 թվականի հունիսի 4-ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար, դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել:

Դատավճռի հրապարակումից ամիսներ անց Հարությունովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալու համար: Խոսքը հենց Էդուարդ Բաբայանի գործի մասին է:

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...