Էս ձեր կառավարությունն ա, դուռը բացեք, մտեք ներս. Էնֆիաջյանը` ցուցարարներին
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը կառավարության մոտ են: Նրանք հանդիպման են գնացել ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ: Պատգամավորները ցուցարարներին հավաստիացրեցին, որ իրենց լիազորությունների շրջանակում հնարավոր ամեն ինչ անում են, բայց ամեն ինչ չէ, որ իրենց լիազորությունների շրջանակում է: Տեղեկացրեցին նաև, որ պաշտոնական հարցում են արել՝ հասկանալու համար՝ խնդրի լուծումը ո՞ր փուլում է և ի՞նչ է կատարվում:
Պատգամավորները նաև ասացին, որ շատ հարցերում լիազորություններ չունեն: Իսկ իրենց լիազորությունների սահմաններում կանեն ամեն ինչ:
Ցուցարարներից մեկը հետաքրքրվեց՝ ի վերջո Փաշինյանի հետ խոսելու հնարավորություն չե՞ն ունենալու: Ի պատասխան Էնֆիաջյանն ասաց.
«Ես Փաշինյանի փոխարեն ո՞նց ասեմ: Էս կառավարությունը, էս դուք: Էս ձեր կառավարությունն ա, դուռը բացեք, մտեք ներս: Դա բոլորիս կառավարությունն ա»:
Նա նաև նկատեց, որ խնդրի կարգավորման հարցում զուտ տեխնիկական՝ կազմակերպելու հարց կա, նշելով, որ տարբերակներ կան:
auroranews.am