Ոստիկանությունը՝ Արտաշատում տեղի ունեցած սպանության վերաբերյալ (տեսանյութ)
Սեպտեմբերի լույս 9-ի գիշերը, ժամը 03.45-ին, շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արտաշատի Իսակովի փողոցի բնակարաններից մեկում դանակահարություն է եղել: Հայտնեցին նաև, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 39-ամյա տղամարդու։
Տուժած տղամարդը ժամը 06.50-ին, գիտակցության չգալով, մահացավ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների իրականացրած քննչական գործողությունների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Արտաշատի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ, նախնական տվյալներով՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Արտաշատի Իսակովի փողոցում վիճել էր 39-ամյա տղամարդու հետ ու դանակով խփել նրա որովայնին։
Դեպքից ժամեր անց Արտաշատի ոստիկանները հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկվեցին բաժին, ապա ներկայացրին նախաքննական մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է: Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։