«Բանակի տղան»․ լույս է տեսել գիրք Արցախի հերոս Արմեն Ուրֆանյանի մասին

Banaki txan

Արցախցի երիտասարդ գրող, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը, որը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Արզումանյանը նշեց, որ Ուրֆանյանը իր համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, այդ իսկ պատճառով որոշեց նրա մասին պատմվածքներ գրել։

Գրողը պատմում է, որ Ուրֆանյանի ամեն նկարին նայելու ժամանակ նրա հետ երկխոսության մեջ էր մտնում, և հերոսն ասես ուղեկցում էր իրեն։ 

«Քանի որ «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիրն եմ, իմ այցելություները դիրքեր հաճախ են լինում, մեր զինվորների հետ հաճախ եմ զրույցներ ունենում, ամեն զինվորի պատկերացնում էի հերոս։ Արմենակի մասին գրքում Արցախյան կոլորիտով պատվածքներ տեղ գտան, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում հարցազրույցները նրա հրամանատարների հետ»,- ասաց Արզումանյանը։

Գրողը նշեց, որ գրքում կան նաև Ուրֆանյանի մասին հարցազրույցներ մարտական ընկերների, հարազատների հետ, ինչպես նաև ընդգրկվել են Ուրֆանյանի մասին նրա մոր հուշերը։ Արզումանյանը նաև գրքում ընդգրկել է Ուրֆանյանին և ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված իր բանաստեղծությունները ։

ՀՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանին օրերս ետմահու շնորհվել է Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշան. դրանք հանձնվել են Արմենակ Ուրֆանյանի մորը:

Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990թ.: Սովորել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության: ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների: Զոհվել է տանկի արկակոծումից:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը պարգևատրվել է նաև Արցախի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Հերոսը հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Ձեզ կեհաքրքրի...