Մերձբալթյան երկրները Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել են պերսոնա նոն գրատա

Persona non grata

 Լատվիան, Լիտվան և Էստոնիան օգոստոսի 31-ից սանկցիաներ են կիրառել Բելառուսի 30 քաղաքացիների նկատմամբ։ Նրանց թվում է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Մերձբալթյան երկրներ մուտքի արգելքը տարածվելու է ոչ միայն Լուկաշենկոյի, այլև նրա ավագ որդու՝ Վիկտորի, աշխատակազմի որոշ ներկայացուցիչների, ԿԸՀ-ի, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների որոշ աշխատակիցների, դատախազության, քննչական կոմիտեի, Բելառուսի պետական անվտանգության ծառայության և այլ գերատեսչությունների մի շարք աշխատակիցների վրա։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) հայտարարված անձինք «կենտրոնական դեր են ունեցել ընտրությունների արդյունքների կեղծման գործընթացում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառել բռնություն»։ Իր հերթին Լատվիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծումը, խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները, ինչպես նաև Բելառուսում լրագրողների և ակտիվիստների հետապնդումները»։

Էստոնիան պերսոնա նոն գրատա ճանաչված անձանց համար իր սահմանները փակել է 5 տարով, իսկ Լատվիան՝ անժամկետ։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ Բելառուսում մարդու իրավունքների խախտումներով պայմանավորված սանկցիաները մշակվում են Եվրամիության մակարդակով։

Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն մի քանի շաբաթ է չեն դադարում բողոքի ցույցերը և գործադուլները, որոնք սկսվել են նախագահական ընտրություններից հետո։ ԿԸՀ տվյալներով՝ ձայների 80,1 %-ով հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը 26 տարի կառավարում է երկիրը։ Նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան չի ճանաչել ընտրությունների արդյունքները։ Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն առաջին օրերին ձերբակալվել է գրեթե 7000 մարդ, երկու մարդ էլ մահացել է։ Ընտրություններից անմիջապես հետո Բելառուսում փաստացի արգելափակվել էր համացանցը, իսկ ուժայինները բիրտ ուժ էին կիրառել ցուցարարների նկատմամբ։

hetq.am

Ձեզ կեհաքրքրի...