Գլոբալ տաքացման հետևանքով սառցադաշտային ծագման լճերի թիվն ավելացել է մոտ 53 տոկոսով․ The Guardian
Աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում գլոբալ տաքացման հետևանքով մեծապես ավելացել է սառցադաշտային ծագման լճերի թիվը, գրում է The Guardian պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականներն արբանյակային հարյուրավոր լուսանկարներ են հետազոտել, որպեսզի գնահատեն, թե սառցադաշտերի հալման արդյունքում ձևավորված լճերն ինչ ազդեցություն են կրել գլոբալ տաքացման և այլ գործոնների հետևանքով։ Լուսանկարներից երևում է, որ 1990-2018 թվականներին սառցադաշտային ծագման լճերի թիվն ավելացել է մոտ 53 տոկոսով։ Հետազոտության համաձայն՝ մոտ 14 394 սառցադաշտային լիճ զբաղեցնում է մոլորակի մոտ 9 000 քառակուսի կիլոմետր մակերեսը։ Նշվում է, որ նույն ժամանակահատվածում դրանց ծավալն ավելացել է 48 տոկոսով, ջրի պաշարը հասել է 156,5 խորանարդ կիլոմետրի։ «Մեր տվյալները ցույց են տալիս, թե որքան արագ են Երկրի մակերեսային համակարգերն արձագանքում կլիմայի փոփոխությանը և դրա գլոբալ բնույթին»,- նշել է Էքսեթերի համալսարանի կլիմայի և շրջակա միջավայի փոփոխության հարցերով պրոֆեսոր Սթեֆան Հարիսոնը՝ հավելելով, որ այս հետազոտության արդյունքները կարևոր են, քանի որ մինչ այս հայտնի չի եղել, թե որքան ջուր կա աշխարհի սառցադաշտային ծագման լճերում։ Նշվում է, որ այս լճերը կարևոր նշանակություն ունեն շատ աղքատ երկրների համար, դրանք ջրի հսկայական պաշարներ են, սակայն նաև վտանգավոր են, քանի որ հորդառատ անձրևների պարագայում ջրհեղեղի վտանգ կարող են առաջացնել։ Նշվում է, որ լճերի ձևավորման ամենաարագ տեմպերը գրանցվում են Սկանդինավյան երկրներում, Իսլանդիայում և Ռուսաստանում։
shamshyan.com