Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ պահանջելով 2 մլն դրամ փոխհատուցում

Dati e tvel

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմ ֆինանսների նախարարության: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: 

Քոչարյանը պահանջում է հաստատել իրավունքի խախտումը եւ Հայաստանի Հանրապետությունից հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում 2 մլն դրամ բռնագանձել: 

Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին: 

Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառն այն է, որ մարտի 10-ին, երբ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդրի պատճառով գտնվում էր հիվանդանոցում եւ չէր կարող ներկայանալ Մարտի 1-ի գործով նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը դռնբաց դատական նիստի ընթացքում առանց պաշտպանական կողմի կարծիքը հայտնելու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ: 

«Եթե նույն հարցի հետ կապված զուգահեռներ անցկացնենք, նույն դատավոր Դանիբեկյանի վերաբերյալ ընդամենը մի տեղեկություն տարածվեց, ընդ որում, այնպիսի տեղեկություն, որը եթե այդ պահին չտարածվեր, 1 ամիս հետո ակնառու երեւալու էր, բայց, այնուամենայնիվ, անմիջապես քրեական գործ հարուցվեց այդ փաստի առթիվ»,- ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում այդ աստիճանի մանրամասներով տեղեկություններ տարածվեցին դռնբաց դատական նիստում, որը մեծ հանրային հնչողություն ունի. «Այդ պայմաններում մենք այս անգամ նույնիսկ ոչ թե քրեական գործ հարուցելու տրամաբանությամբ գնացինք, այլ ավելի մեղմ տարբերակով»,- ասաց Ալումյանը՝ հավելելով՝ քանի որ պահանջը գույքային է, այդ պատճառով ՀՀ-ի անունից պատասխանող կողմ է հանդես գալիս ֆինանսների նախարարությունը: 

Հիշեցնենք, որ Դանիբեկյանը մարտի 10-ի նիստում հայտնել էր, որ «Էրեբունի» ԲԿ-ից դատարան է ստացվել տեղեկանք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է սրտի ռիթմի խանգարում, զարկերակային հիպերտենզիա՝ 3-րդ աստիճանի: 

Նշենք, որ դատավոր Արմենուհի Բադիրյանը հայցվորի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կինն է: 

Քոչարյանը 2018 թվականից մինչ այսօր շուրջ 1 տասնյակից ավելի քաղաքացիական եւ վարչական հայցեր է ներկայացրել դատարան: 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...