Աղբյուր Սերոբի 7 հասցեի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման առնչությամբ
Աղբյուր Սերոբի 7 հասցեի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցման առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բնակիչներից մեկն ասաց, որ իրենց նպատակն է պարզել, թե արդյոք շինարարությունն օրինական է։ Բացի այդ, բնակիչները պահանջում են այդ հատվածը դարձնել կանաչ գոտի, քանի որ իրենք չունեն բակ։
«Այստեղ շատ խախտումներ ենք նկատել՝ անգամ լինելով ոչ մասնագետ՝ լուսավորության, հեռավորության և այլն»,- ասաց բողոքի ակցիային մասնակցող բնակիչը՝ նշելով՝ քաղաքապետարանից պատասխանել են, որ այդ շինությունն օրինական է, բայց որոշումը չեն ներկայացրել։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում պնդեց, որ բարձրահարկ շենքի կառուցումը, որի համար թույլտվություն է տվել Երևանի քաղաքապետարանը, «ծայրից ծայր համապատասխանում է քաղաքաշինական նորմերին»։
«Երևանի քաղաքապետարանը ինչ-որ վայրում որոշակի ծավալների շինություն կառուցելու թույտվություն տալու համար հաշվի է առնում քաղաքաշինական նորմերը։ Այս դեպքում, երբ կառուցապատողը կամ տարածքի սեփականատերը դիմել է քաղաքապետարանին, քաղաքապետարանը հաշվի է առել բոլոր հանգամանքները. քաղաքաշինական նորմերը պահպանված են։ Եթե հարակից տարածքի բնակիչները ինչ-ինչ նկատառումներով կարծում են, որ շենքը այդ ծավալներով այնտեղ չպետք է լինի, կարող են իրենք իրենց կարծիքը արտահայտել իրավական ցանկացած ձևով»,- ասաց Կարապետյանը։
Լուսանկարը` Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: