Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման են ենթարկվել ընդանուր առմամբ մոտ 1000 հայազգի քաղաքացի
Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բերման է ենթարկվել ընդանուր առմամբ մոտ 1000 հայազգի քաղաքացի: Նրանց մեծ մասին արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակել, իսկ 15 մարդ ենթարկվել է տարբեր չափերի (1000-1500 ռուբլի) վարչական տուգանքի, մեկ մարդ կալանավորվել է 10-ը օրով, քանի որ ունեցել է վաղօրոք դատվածություն, իսկ 8 քաղաքացի դեռևս գտնվում է կալանքի տակ, երկու ամիս ժամկետով՝ մինչև նախաքննության ավարտը:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակի ղեկավար Շահեն Պետրոսյանը:
«Բերման ենթարկված քաղաքացիների մեծ մասը եղել են նրանք, ովքեր կազմել էին ավտոմեքենաների շարասյուն և շրջում էին քաղաքում դրոշներով: Նրանց հրավիրել են ոստիկանություն՝ չարտոնված ակցիա անցկացնելու համար և արձանագրություն կազմելուց հետո բաց թողել: Այս պահին կալանքի տակ են գտնվում նրանք, ովքեր կասկածվում են ադրբեջանցիների ռոստորաններ ներխուժելու և խուլիգանական գործողություններ կատարելու համար: Նշվում է հիմնականում երկու ռեստորան՝ «Բակինսկի դվորիկ» և «Հազար ու մի գիշեր»»,- ասաց Շահեն Պետրոսյանը:
Կալանավորված քաղաքացիները, ըստ այդմ, մեղադրվում են ՌԴ քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանության, զենքի կամ այլ առարկաների գործադրմամբ հասարակական կարգը խախտելու համար:
Բոլոր հայազգի քաղաքացիների պաշտպանությամբ զբաղվում են Ռուսասատանի հայերի միության մոսկովյան գրասենյակին կից իրավաբանների ասոցացիան և այլ հայկական իրավաբանական կազմակերպությունները՝ «АРМРОСС», «ОМЕГА Групп»:
Տեղի ունեցած դեպքերի առիթվ այս պահին կա հայազգի երկու տուժող՝ BMW մակնիշի մեքենայի վարորդ Գարիկ Գրիգորյանը և Էրիկ Անանյանը: Նրանց նույնպես տրմադրվել է իրավաբան: Տուժողների գործով կան մեծ թվով բերման ենթարկված և կալանավորված ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներ, որոնցից 7-ը մեղադրվում է կանխամտածված սպանության փորձ կատարելու համար:
Այս պահին «դեպորտի» ենթարկված հայազգի քաղաքացիներ չկան:
Նաիրա Բաղդասարյան
Մոսկվա
armtimes.com