Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 135 նոր վերելակ

Verelakner

Այս տարվա սկզբին Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ վերանայվել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալը։ Այս տարի համայնքի միջոցով պետք է տեղադրվի 500 նոր վերելակ։ 1lurer.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ այդ քանակից ձեռք է բերվել և Երևան հասել 135 վերելակ, որոնք արդեն տեղադրվում են: Կարապետյանն ընդգծեց, որ գործընթացը կավարտվի տարեվերջին:

«500 վերելակը Երևանում առկա փոփոխման կարիք ունեցող շուրջ 3500 վերելակների 1/7-րդն է: Ակնկալվում է, որ հաջորդ տարվա բյուջեում առնվազն ևս այս չափով, ցանկալի է՝ ավելի, առաջանցիկ  կերպով, մեծ ծավալով վերելակներ կփոխարինվեն՝ կրկին համայնքի միջոցներով»,– ասաց Կարապետյանը: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հուլիսի 20-ին Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում նախագիծ է ներկայացրել: Այն վերաբերում է «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին» հայեցակարգի ընդունմանը: Նախագիծը մշակող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգերի մշակման և ուսումնամեթոդական բաժնի պետ Հովհաննես Մելքոնյանը 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակների ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր վերելակով փոխարինելու համար գանձվող պարտադիր վճարման ենթակա գումարները կներդրվեն «Կուտակային վերելակային ավանդում»: Դրանք կառավարման շնորհիվ ստացած եկամուտների հետ կծառայեն իրենց հիմնական նպատակին և միաժամանակ կհամալրեն պետական բյուջեն: Ներդրումները կվերադարձվեն բնակիչներին՝ նոր վերելակների տեսքով:

«Հանրապետությունում բազմաբնակարանային շենքերի վերելակային տնտեսությունը գտնվում է  անմխիթար վիճակում: Հիմնականում որոշ մասը շահագործվում է անցյալ դարի երևի կեսերից, դրանց տարիքն արդեն գերազանցում է 25 տարին: Արտադրողները վերելակների շահագործման համար ժամկետ են սահմանում 25 տարին: Երբ վերելակի ծառայության ժամկետը սպառվում է, և չեն փոխարինում նորով, արդեն այն մեծ ռիսկեր է պարունակում, ինչը կարող է վերածվել դժբախտ դեպքերի և վտանգ ներկայացնել բնակչության համար»,- ասաց Մելքոնյանը:

Նա շեշտեց, որ մինչև այսօր վերելակները հիմնականում պահպանվել են Երևան քաղաքում՝ քաղաքապետարանի, մարզերում էլ՝ մարզպետարանների շնորհիվ:  Հին վերելակները պահպանվել են պետական կամ համայնքային բյուջեի միջոցներով:  

Մելքոնյանը ներկայացրեց, որ պարտադիր նորմերի պահանջների կատարման, բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանման համար սահմանված պարտադիր վճարներն արվում են, բայց դրանցում տարանջատված չեն սպասարկման համար իրականացվող աշխատանքների արժեքների չափերը, օրինակ՝ աստիճանավանդակների, սանիտարական մաքրման, թափոնների հեռացման և այլն:

Հայեցակարգի հիմնական նպատակը վերելակային տնտեսությունը՝ որպես տնտեսության առանձին ոլորտ ընդունելն է: Հայեցակարգով նախատեսվում է, որ կգործի «Վերելակների անվտանգության և կուտակային վերելակային ավանդի մասին» մեկ միասնական արդիականացված օրենք:

«Բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակիչ կդառնա բաժանորդ և հաշվարկված համապատասխան գումարներ կվճարի, որպեսզի վերելակային տնտեսությունը պահպանվի և այս վիճակում չլինի: Օրինակ՝ եթե տեղադրվում է նոր վերելակ, որի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն դրամ՝ դա բաժանվում է շենքի տվյալ մուտքում բնակիչների ընդհանուր թվի վրա»,- ասաց Մելքոնյանը:

Մելքոնյանը նշեց, որ վերելակի արժեքը բնակչի համար չնչին գոմար կկազմի, և նրանք գումարը կվճարեն մինչև 25 տարվա ընթացքում: Մելքոնյանը տեղեկացրեց, որ կհաշվարկվի նաև էլեկտրաէներգիայի ամսական ծախսը:

«Այդ վճարումները կատարվում են այնպես, որ այդ գումարները ծառայեն իրենց նպատակին:  Առանձին բանկային հաշիվներ են բացվում: Յուրաքանչյուր վերելակ ունենում է իր ծածկագիրը, տարեթիվը՝ երբվանից է շահագործվում: Այդ գումարների մի մասը մնում է բնակշահագործման ընկերություններին, որոնք սպասարկելու են վերելակը: Գումարի մյուս մասը կուտակվելու է բանկային առանձին հաշվին: Այսինքն՝ դառնում է կուտակային վերելակային ավանդ»,- ասաց Հովհաննես Մելքոնյանը: Նախատեսվում է, որ այդ տարիների ընթացքում կուտակված միջոցների շնորհիվ իրենց կյանքն ապրած վերելակները կփոխարինվեն նորերով: 

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...