ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Տավուշ մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած հարձակումից հետո Թուրքիայի ղեկավարությունը՝ այդ թվում նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, հանդես են եկել մի շարք պաշտոնական հայտարարություններով:
Այդ հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլև Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը և նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի ‹‹պատմական առաքելության›› վկայակոչմամբ:
Պատմական առաքելության և էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը հարևան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: