12 տոննա քաշով ժայռաբեկորը ընկել է երկաթուղային գծերի վրա
Հուլիսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում, մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա, հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության լրատվական բաժնից։
Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին:
Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը:
Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:
Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում: