Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում
Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի առաջին կիսամյակում:
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թվականի առաջին կիսամյակում իրականացված ծրագրերի և ընթացիկ մշակումների վերաբերյալ համառոտ տեղեկատվություն
1 Կազմակերպվել է Գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի համագործակցությամբ անցկացվող Գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթը, որում փոխվել է աշխատավարձային ֆոնդը` նախկին 70000 դրամ միջին աշխատավարձի փոխարեն ավելանալով մինչև 100000 դրամ: Մրցույթի շրջանակներում ստացվել են 188 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
2 Առաջին անգամ կազմակերպվել է «Հասարակական գիտություններ» և «Հայագիտություն և հումանիտար գիտություններ» բնագավառների մասնագիտություններով օտարերկրյա գործընկերոջ ընդգրկմամբ գիտական թեմաների հայտերի մրցույթ: Մրցույթի նպատակն է՝ մեծացնել հասարակական և հումանիտար գիտություններում միջազգային համագործակցության մակարդակը, ինչպես նաև նպաստել միջազգային լավագույն ստանդարտներով գիտական հետազոտությունների իրականացմանը: Մրցույթի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախատեսված է աշխատավարձային բարձր ֆոնդ` միջինում 150000 դրամ, ինչպես նաև պարտադիր պայման է հանդիսանում խմբի անդամների և խորհրդատուի փոխադարձ այցելությունները: Մրցույթի շրջանակներում ստացվել է 75 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
3 ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ համագործակցությամբ կազմակերպվել է երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթը, որի շրջանակներում ստացվել են 49 հայտեր: Ֆինանսավորման են երաշխավորվել 10 հայտեր, ինչը 2.5 անգամ ավելի է նախորդ մրցույթների համեմատ:
4 Լիովին վերանայվել է ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիրը, որը նախկին 1 տարվա փոխարեն այժմ հայտարարվել է 3 տարի տևողությամբ: Յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրի շարունակության համար պահանջվում են անգլերեն լեզվի իմացության ավելի բարձր մակարդակ և հրապարակումներ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ծրագրի շրջանակներում տրամադրվում է աջակցություն ինչպես աշխատավարձի տեսքով (մինչև 150000 դրամ), այնպես էլ հետազոտության կարիքներից բխող ծախսերի համար: Նախատեսված է նաև հավելավճար գիտական ղեկավարի համար: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 17-ը:
5 Հայտարարվել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական նախագծերի հայտերի ընտրության մրցույթ, որի շրջանակներում բարձրացվել է միջին աշխատավարձի չափը, ինչպես նաև հետազոտության իրականացման համար սարքերի և նյութերի ձեռք բերման համար նախատեսվող հատկացումները: Մրցույթի մասնակցության պայման է հանդիսանում դրամաշնորհի շրջանակներում պետական բյուջեից հատկացման առնվազն 25% -ի չափով ոչ բյուջետային միջոցներից համաֆինանսավորման առկայությունը: Նախագծի շրջանակներում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերել ՀՀ ԷՆ-ը: Մրցույթի շրջանակներում ստացվել են 19 հայտեր, որոնք փորձաքննության փուլում են:
6 Առաջին անգամ հայտարարվել է «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթը, որն աննախադեպ է մեկ ծրագրին հատկացվող ֆինանսավորման ծավալներով: Մրցույթի նպատակն է՝ ՀՀ-ում նշված մասնագիտություններով հետազոտություններ իրականացնող խմբերի ձևավորումը: Մրցույթի շրջանակներում պարտադիր պայման է հանդիսանում ոլորտի հեղինակավոր խորհրդատուի առկայությունը, ինչպես նաև պարտադիր փոխադարձ այցելությունները: Մրցույթի ժամանակ առաջին անգամ կիրառվում է հաշվետվության ազդեցության մեխանիզմը խմբի անդամների կողմից հետագա դրամաշնորհային ծրագրերի հայտերի գնահատականների վրա: Մրցույթը ներկայումս ընթացքի մեջ է, վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 24-ը:
7 Հայտարարվել է կին գիտական ղեկավարների առաջխաղացման դրամաշնորհային ծրագիրը: Մրցույթի արդյունքում կֆինանսավորվեն արդյունավետ աշխատող կանանց ղեկավարությամբ հետազոտական խմբերը: Որպես մրցույթի պահանջ դրվելու է արտերկրի խորհրդատուի ներգրավումը և փոխադարձ այցելությունները: Առաջին անգամ, որպես Մրցույթի պայման սահմանվել է իրականացվող հետազոտության վերաբերյալ գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը:
8 Մշակվում է երիտասարդ ղեկավար ունեցող խմբերի առաջխաղացման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել երիտասարդ ղեկավար (ատենախոսության պաշտպանությունից հետո 2-7 տարի) ունեցող արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերը կամ լաբորատորիաները:
9 Մշակվում է գիտահետազոտական խմբերի ամրապնդման դրամաշնորհային ծրագրի հրավերի փաթեթը: Ծրագրի շրջանակներում աջակցության կարող են հավակնել այն ղեկավարները իրենց արդեն ձևավորված գիտահետազոտական խմբերով կամ լաբորատորիաներով, ովքեր ատենախոսության պաշտպանությունից հետո ունեն 7-12 տարի աշխատանքային փորձ, գիտական ծրագրերի ղեկավարման և ինքնուրույն աշխատելու պատմություն:
10 Լրամշակվում է խոշոր գիտական սարքավորումների ձեռք բերման մրցույթի հրավերի փաթեթը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվելու ձեռք բերվող սարքերի համատեղ օգտագործելիության նախադրյալների ապահովմանը, ինչպես նաև սարքը ձեռք բերող կազմակերպության նմանատիպ սարքերի հետ աշխատելու փորձառությանը:
11 Մշակվում է փորձարարական լաբորատորիաների առաջխաղացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի արդյունավետ աշխատող լաբորատորիաներին` իրենց ենթակառուցվածքների արդիականացման համար, ինչը կնպաստի դրանցում իրականացվող հետազոտությունների մակարդակի բարձրացմանը:
12 Վերանայվելու է թեմատիկ մրցույթին մասնակցության տրամաբանությունը` դնելով ղեկավարի արդյունավետ աշխատանքի նկատմամբ մուտքային պայմաններ, ինչպես նաև նոր մրցույթների տրամաբանությամբ` դրվելու են թեմայի ավարտին ներկայացվող գիտական արդյունքի որակական պահանջներ:
13 Գիտության կոմիտեում 2020 թվականի սկզբից իրականացվում են հայտերի և հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգի (grants.scs.am) բարելավման գործողություններ:
• փոփոխվել են համակարգում գրանցվելու պայմանները. այսուհետ միևնույն անձը կարող է ունենալ միայն մեկ օգտահաշիվ,
• առաջիկա բոլոր մրցույթներն իրականացվելու են առցանց եղանակով,
• ներդրվել է նույնականացման համար (DOI) ունեցող հոդվածների ներմուծման ավտոմատացված համակարգը,
• մշակվում է հաշվետվությունների առցանց ընդունման գործիքակազմը,
• իրականացվում է կազմակերպությունների հաշվետվությունների և հայտերի ընդունման orgs.scs.am հարթակի ինտեգրումը grants.scs.am հարթակին, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվետվությունների և բազային ֆինանսավորման հայտերի առցանց ընդունումը:
???Ինչ աշխատանքներ է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեն 2020 թվականի…
Опубликовано Arayik Harutyunyan Вторник, 14 июля 2020 г.