Ավինյանը ներկայացրել է երեխաներ ունեցող ընտանիքների բնակապահովության պետական աջակցության նոր ծրագրերը

Bnakaran

Վերջերս ներկայացրել էի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած կարևոր նորամուծությունները:

Այժմ անդրադառնանք երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին: 2020 թ.-ի պետական բյուջեով դրանց համար նախատեսվել է ավելի քան կես միլիարդ դրամ:

?Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար

Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:
Ծրագրի շահառու եք, եթե`
Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,
 Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`
Մինչև 1 մլն. դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում, երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),
Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:

?Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին

Տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Ծրագրի շահառու եք, եթե`
Ձեր երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,
Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն. դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն. դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:

Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝
Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
Մինչև 2 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,
Մինչև 1,5 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,
Մինչև 4 մլն. դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան:

Ձեզ կեհաքրքրի...