Մեկ միլիոն դոլարի աջակցություն Հայաստանին․ USAID

Ajakcutyun

Միացյալ Նահանգները 1 միլիոն դոլարի աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությանը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, տեղեկացնում են USAID-ի երևանյան գրասենյակից։

Հունիսի 23-ին առցանց ձևաչափով տեղի ունեցած միջոցառմամբ մեկնարկեց «Տեխնիկական օժանդակություն  Հայաստանի հաշվեքննիչ պալատին» եռամյա ծրագիրը։  

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, միջգերատեսչական պայմանագիր ստորագրեց ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակի (GAO) աուդիտի գերազանցության կենտրոնի հետ՝ Հայաստանի Հանրապետության աուդիտի բարձրագույն մարմնին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատին տեխնիկական օժանդակությամբ, խորհրդատվությամբ և վերապատրաստման դասընթացներով ապահովելու մասին։ Այս ծրագրի միջոցով ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակը կաջակցի իրագործել Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ 2018 թ․ օրենքի պահանջները՝ ուղղորդելով ընդունելու և պահպանելու աուդիտի միջազգային չափանիշերը։

Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող և ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակի ղեկավար Ջին Դոդարոն և ԱՄՆ ՄԶԳ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Վ. Միթչելը, որոնք COVID-19 ճգնաժամից առաջ նախատեսում էին այցելել Հայաստան, տեսակապով միացան ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին՝ նշելու ծրագրի մեկնարկը։ 

«Այսօր մենք նշում ենք Աուդիտի կենտրոնի համար ևս մեկ նշանակալի ձեռքբերում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համաձայնագիրը՝ ուղղված Հայաստանի հաշվեքննիչ պալատի կարողությունների զարգացմանը: Մենք ակնկալում ենք հաջող գործընկերություն՝ աջակցելու հաշվեքննիչ պալատին՝ անդրադառնալ վեր հանված հիմնական խնդիրներին և բարելավումներ կատարել` ամրապնդելով ինստիտուցիոնալ քաղաքականությունները և այլ կարևոր ընթացակարգեր,- նշեց Միացյալ Նահանգների գլխավոր հաշվեքննող Ջին Դոդարոն:

Սա ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի երկրորդ միջգերատեսչական պայմանագիրն է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակի աուդիտի գերազանցության կենտրոնի հետ: Նախորդ համաձայնագրով GAO-ն ՀՀ հաշվեքննիչ պալատում իրականացրել է կարիքների գնահատում ՝ վերջինիս ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով: Այս ծրագրով նախատեսված օրակարգը  հիմնված է կարիքների գնահատման արդյունքում արված  առաջարկությունների վրա և համահունչ է ՀՀ կառավարության՝ Պետական  ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարությանը: 

«Հաշվեքննիչ  պալատն առանցքային դերակատարում ունի պետական հաստատությունների հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարքության ամրապնդման առումով: Այս նոր ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերի՝ ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող ընդհանուր աջակցության մասն է: Ծրագիրն իրականացնելու է ԱՄՆ կառավարության հաշվեքննիչ գրասենյակը (GAO), որը համարվում է «ոսկե ստանդարտ» աուդիտի բարձրագույն բոլոր մարմինների համար»,- նշեց  Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին:

«Մենք ակնկալում ենք շարունակել այս բարձր մակարդակի միջգերատեսչական համագործակցությունը` հաջակցություն ՀՀ հաշվեքննիչ պալատի: Հատկապես Հայաստանի նոր, հետհեղափոխական կառավարության համար ուժեղ բարձրագույն աուդիտորական հաստատությունը շատ կարևոր կլինի Հայաստանի ժողովրդավարական կառավարման համար»,- ասաց ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Վ. Միթչելը:

Ուժեղ և անկախ աուդիտի բարձրագույն մարմինը խիստ կարևոր դեր է կատարում՝ ձևավորելով քաղաքացիների վստահությունը պետական հաստատությունների նկատմամբ։ Այն երաշխավորում է հանրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը՝ միտված  կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ներդրված գումարի դիմաց առավելագույն արժեքի ապահովմանը և  արդյունքների իրականացմանը։  

«Որպես Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի ղեկավար՝ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մեր ամերիկացի գործընկերներին՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի զարգացման գործում իրենց արժեքավոր աջակցությունը ցուցաբերելու համար՝ հատկապես նկատի ունենալով համավարակի այս շրջանը: Մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի արդյունքում ունենանք ավելի ազդեցիկ հաշվեքննիչ մարմին»,- ասաց ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Ձեզ կեհաքրքրի...