Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիում
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի Առողջապահույան նախարարությունից:
«Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում:
Հուլիսի 1-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Առողջացել է 14 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։