Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում. Սիմոնյան

Chisht chen zekucum

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասել է, որ սով է լինելու երկրում, ԲՀԿ ներկայացուցիչներն էլ ասում են, որ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական խնդիրները թողած՝ իշխանությունը պայքարում է ընդդեմ Գագիկ Ծառուկյանի:

«Ես կարծում եմ՝ պարոն Ծառուկյանին շատ բաներ սխալ են զեկուցում, իսկ ինքն իր ամառանոցում, կարելի է ասել՝ իրականությունից բավականին հեռու է: Միգուցե իրեն նամակներ գրող, երդվող մարդկանց մոտ կամ այն մարդկանց մոտ, ում ինքը կամ իր աշխատակիցները վախեցնում են աշխատանքից ազատել, կարող է սով սկսվել: Դա չեմ բացառում, բայց ՀՀ-ում սով չի եղել ու չի լինելու»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ անընդունելի համարելով կորոնավիրուսի ֆոնին ծավալվող քաղաքական այդ դիսկուրսը:  

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններին անդրադառնալով՝ Սիմոնյանն ընդգծեց, որ իր համար զավեշտալի է այն, որ Մինասյանը «Բարգավաճ Հայաստանին» ընդդիմություն է դիտում, և, ըստ նրա, ձգվում դեպի նրանց: Ասաց՝  նման արտահայտությունները ցույց են տալիս այն իրավիճակը, որում նա այժմ գտնվում է: 

Հարցին, թե ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասում է, որ ԱԺ-ում կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի, և չնայած բոլոր քաղաքական հալածանքներին նրանք իրենցից կախված ամեն ինչ արել են իրավական պետության ոչնչացումը կանխելու համար, Սիմոնյանն ասաց. «Այդ պարագայում ես հաջորդ ընտրություններին առաջարկում եմ պարոն Մինասյանին այդ ընդդիմության՝ «Բարգավաճի» ցուցակով մասնակցի»: Իսկ հարցին, թե արդյոք կունենա՞ հաջողություն,վստահեցրեց՝ ոչ:

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...