ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռահար դասախոսությունը Երևանի պետական համալսարանի.
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռահար դասախոսությունը Երևանի պետական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ուսանողների և շրջանավարտների համար
Դասախոսությամբ ազդարարվեց Երևանի պետական համալսարանում Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի հիմնադրումը:
Նախարար Մնացականյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին՝ ընդգծելով նմանօրինակ ձևաչափով պարբերական շփումների անցկացման կարևորությունը: Նախարարը հանգամանալից ներկայացրեց ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ հայկական դիվանագիտության կողմից երկու տասնամյակից ավել ձեռնարկվող հետևողական քայլերը: «Հայաստանի դերակատարությունն առավել ընդգծված է այն առումով, որ մենք տարիներ շարունակ որպես միջազգային հանրության անդամ, որպես ՄԱԿ-ի անդամ, ստանձնել ենք հանձնառություն՝ հետևողականորեն առաջ տանելու կանխարգելման նպատակին ուղղված միջազգային համագործակցությունը»։
Կարևորելով վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների, համապատասխան կարողությունների ամրապնդումը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակում։ Հենց այս համատեքստում էլ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ազգային գիտական ներուժի լիարժեք կիրառման և այն ազգային նպատակներին ծառայեցնելու առաջնային նշանակությունը Հայաստանի արտաքին քաղաքականության համար: