Հայաստանում հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով
Հայաստանում հակահամաճարակային ծառայությունը համալրվում է խիստ անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով, որոնք կմեծացնեն Երևանում և մարզերում իրականացվող միջոցառումների որակն ու արագությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին մատակարարվել են 6 ամենագնացներ (ՈՒԱԶ Պատրիոտ և Շեվրոլե Նիվա) և 5 շտապօգնության մեքենաներ (Ֆորդ), իսկ մոտակա 2 ամսում կմատակարարվեն նաև 20 ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենաներ ՀՎԿԱԿ 10 մարզային մասնաճյուղերի համար»,-հայտնել է Թորոսյանը:
Նախարարը նաև նշել է, որ այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Համաշխարհային Բանկի ծրագրի միջոցով, ինչի համար շնորհակալություն է հայտնել:
Հայաստանում հունիսի 20-ին, ժամը 11: 00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19708 դեպք, որոնցից 8854-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 93786 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 332 դեպք: