2021 թ.-ից նախատեսվում է կարգավորել թե՛ տրանսպորտում, թե՛ մարդատար-տաքսի ծառայություններում առկա խնդիրները. փոխնախարար

Transport

2021 թվականից նախատեսվում է կարգավորվել թե՛ ներպետական տրանսպորտում եւ թե՛ մարդատար-տաքսի ծառայություններում առկա խնդիրները։ Մասնավորապես՝ այսուհետ մի ամբողջ մարզի երթուղիները մրցույթային կարգով կսպասարկի 1 ընկերություն։ Իսկ տաքսի ծառայությունների պարագայում կլուծվի օնլայն տաքսիների եւ մյուս տաքսիների միջեւ առկա անհավասար պայմանների խնդիրը։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դեռեւս ապրիլ ամսին քննարկման էր ներկայացրել 2 տարբեր նախագծեր, որոնք պետք է կանոնակարգեն այս ոլորտները։

ՀԺ-ն նախագծերի վերաբերյալ զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։

– Պարո՛ն Սիմոնյան, ներպետական տրանսպորտում ՏԿԵ նախարարությունը փոփոխություններ է պատրաստվում իրականացնել։ Կմանրամասնե՞ք, թե ինչ եք նախատեսել եւ ի՞նչ եք ուզում ստանալ արդյունքում։

– Հիմնականում լինելու է մոդելի փոփոխություն։ Ձեզ հայտնի է, որ ներպետական երթուղիները տրվում են մրցույթով, այսինքն՝ մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը սպասարկում է տվյալ երթուղին։ Հիմա ի՞նչ խնդիր կա տվյալ ոլորտում. կան երթուղիներ, որոնք բավականին շահութաբեր են, քանի որ այդ երթուղիներում կա բավականին մեծ ուղեւորահոսք, եւ կան երթուղիներ, հիմնականում՝ ներմարզային, որոնք կարող են լինել ե՛ւ քիչ շահութաբեր, ե՛ւ ընդհանրապես շահույթ չբերող, ե՛ւ բացասական բալանսով։ Որպեսզի այդ խնդրին լուծում տանք, մենք մշակել ենք մոդել, որը ենթադրում է լոտերով մրցույթ հայտարարելու տարբերակ։ Օրինակ՝ ամբողջ մարզի երթուղիները, դրան գումարած նաեւ այդ մարզից միջմարզային երթուղիները, 1 լոտով կլինեն, այսինքն՝ մեկ սպասարկող կլինի, որը շատ հարցեր կլուծի։ Մի բան է 1 օպերատորի հետ գործ ունենալ, այլ բան է մի քանի օպերատորի հետ գործ ունենալ։ Բացի այդ, կսպասարկվեն այն բնակավայրերը, որոնք այսօր չեն սպասարկվում շահութաբեր չլինելու պատճառով։ Այս դեպքում, եթե նույնիսկ երթուղին շահութաբեր չէ, սպասարկող կազմակերպությունը, որեւէ բան չի կորցնի այն սպասարկելուց, քանի որ նա, ամեն դեպքում, մնացած շահութաբեր երթուղիները սպասարկելուց այդ շահույթը գեներացնում է։

– Ե՞րբ է նախատեսված այս համակարգը ներդնել։

– Հույս ունենք, որ մինչեւ 2021 թվականը. պարոն վարչապետի հանձնարարությամբ՝ գոնե մի մարզում այս մոդելով կընտրենք եւ պիլոտային տարբերակով կանենք։ Կտեսնենք, թե այն ինչ արդյունքներ է տալիս, որից հետո կտարածենք ողջ հանրապետության տարածքում։

– Հայաստանում կա՞ն այդպիսի մեծ ընկերություններ, որոնք կարող են ամբողջ մարզային երթուղիները սպասարկել։

-Ունենք այդպիսի ընկերություններ, որոնք կարող են ամբողջ մարզը սպասարկել, եւ նույնիսկ իրենք են հետաքրքրված մրցույթով: Նույնիսկ գործող մի քանի ընկերություններ միավորվելու, միասնական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մտադրություն ունեն։

– Տաքսի ծառայությունների վերաբերյալ եւս նախարարությունը նախագիծ է մշակել, որը դժգոհությունների առիթ է դարձել։ Այս դեպքում ո՞րն է այս նախագծի հիմնական նպատակը:

– Իրականում հիմնական դժգոհությունը մենք տեսել ենք ոչ թե կոնկրետ անձանցից, այլ մի քանի օնլայն կազմակերպություններից։ Այս օրինագծի հիմնական նպատակը ոլորտի կարգավորումն է։ Օնլայն տաքսիների ոլորտը արտասահմանում կարգավորված է, այնտեղ էլ են դժգոհություններ եղել։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես է Իսպանիայում կամ Նյու-Յորքում եղել, բայց մեզ մոտ իրավիճակն այլ է։ Օնլայն հարթակներն իրենց տաքսի չեն համարում, ասում են՝ մենք միջնորդ կազմակերպություն ենք, պատվեր ենք ընդունում հաճախորդից, տալիս ենք վարորդին, եւ նա ուղեւորափոխադրում է կատարում։ Իսկ մեր օրինագծի հիմնական գաղափարը հետեւյալում է, որ դու՝ որպես օնլայն հարթակ, պետք է աշխատես միայն լիցենզավորված կազմակերպությունների կամ ազատ ձեռներեցների հետ։

Այդ լիցենզիաների բազան լիազոր մարմինը տրամադրում է, դուք էլ տրամադրում եք այն կազմակերպությունների բազան, որոնց հետ աշխատում եք։ Իսկ ֆիզիկական անձինք, եթե չեն ուզում օնլայն տաքսիների հետ աշխատել, կարող են առանձին աշխատել։ Դրա համար հատուկ լիցենզիա ենք սահմանել՝ նա որպես ֆիզիկական անձ անվճար ստանում է լիցենզիա եւ ազատվում հարկերից։ Սակայն օնլայն հարթակի պես առավելություն չի ստանում։ Այս պարագայում տաքսու վարորդն ինքը պետք է գտնի իր հաճախորդին եւ ուղեւորափոխադրում կատարի։

Կարող է թվալ, թե սրանք անհավասար պայմաններ են, բայց՝ ոչ, սրանք տարբեր պայմաններ են։ Մենք ֆիզիկական անձին ասում ենք՝ եղբայր, դու պետք է կահավորված լինես, տաքսու նշան ունենաս, անվանումդ եւ սակագինդ գրված լինի, տաքսոմետր ունենաս, բայց քո համար լիցենզիան անվճար է եւ հարկեր չես վճարում։ Իսկ օնլայն աշխատելու դեպքում այդ պահանջների մեծամասնությունը չկա. դու չպետք է կահավորում կամ տաքսու նշան ունենաս։ Այդ պահանջի իմաստը չկա, քանի որ, եթե ես տաքսի եմ կանչում, գիտեմ, թե որ հարթակով եմ կանչում, ով է գալիս, սակագինն էլ օնլայն ծրագրի մեջ գրված է, եւ դա փակցնելու անհրաժեշտություն չկա։

Մի լիցենզիա էլ ենք մտցնում, որը վերաբերում է օդանավակայանի տարածքից ուղեւորափոխադրում կատարելուն։ Եթե այս մոդելը հաջողված ստացվի, ապա, ինչպես պարոն վարչապետն էր ասում, մենք կսկսենք օդանավակայանից եւ կամաց-կամաց կտարածենք ամբողջ հանրապետությունով։

– Այս փոփոխությունները, ե՞րբ եք նախատեսում իրականացնել։ 

– Կարծում եմ 2021 թվականին հազիվ հասցնենք, քանի որ շատ առաջարկներ ունենք տարբեր կազմակերպություններից, օնլայն հարթակներից, գերատեսչություններից։ Պետք է այդ ամեն ինչը վերլուծել եւ վերջնական տարբերակը արդեն ներկայացնել Կառավարության քննարկմանը։ Սա չի նշանակում, որ օրենքը բոլոր հարցերը լուծելու է, ցանկացած բանի մեջ թերություններ լինում են։ Մեր վերջնական նպատակն է ունենալ բարձր որակի եւ մատչելի ծառայություններ ժողովրդի համար։ Պիտի այս ոլորտը կարգավորվի, որպեսզի որեւէ մեկը առանց վարորդական իրավունքի ուղեւորափոխադրումով չզբաղվի:

– Հաշվարկ կա՞, թե մոտավորապես քանի հազար մարդ է Հայաստանում տաքսի ծառայություն իրականացնում։

– Մեր մոտավոր գնահատականով՝ ակտիվ տաքսի գործունեությամբ զբաղվողների թվաքանակը մոտ 20 հազարի է հասնում։ Ընդհանրապես ավելի շատ է, քանի որ մարդիկ կան, որոնք օրը 2-3 պատվեր են անում։ Օրինակ՝ գործից հետո գնում են տաքսի են վարում։ Բայց այս երեւույթն էլ է անվտանգության առումով խնդրահարույց։ Մարդը ինչ-որ տեղ 8-10 ժամ աշխատում է ֆիզիկական կամ մտավոր հոգնածության պայմաններում, իսկ երեկոյան մարդ է տեղափոխում։ Որքանո՞վ է սա ճիշտ։ Կա նաեւ մարդու կողմնորոշման հարց. եթե նա տաքսիով ուղեւորափոխադրում կատարելուց ավելի շատ եկամուտ է ստանում, ինչո՞ւ չկողմնորոշվի եւ հենց այս գործունեությամբ չզբաղվի։ Ուղղակի այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում տաքսի գործունեությամբ զբաղվող մարդու կարգավիճակը բարձր ընկալելի չէ մարդկանց մոտ։ Տաքսու վարորդը կարծես այլ կատեգորիայի գործ լինի, քան, օրինակ, փոխնախարարի գործը։ Բայց աշխատանքը բոլորի համար պետք է հավասար մակարդակի լինի։ Մարդը չպետք է ամաչի, որ տաքսի է վարում։ Ամբողջ աշխարհում տաքսու վարորդը նորմալ աշխատանք է իրենից ենթադրում։ Պատկերացումները պետք է փոխել։

Ձեզ կեհաքրքրի...