Ֆիրդուսի շենքերից մեկը փլատակի է վերածվել. քաղաքապետարանում արտահերթ հավաք կլինի. Ժողովուրդ

firdus

Վաղը՝ հունիսի 13-ին տեղի կունենա Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։ Նիստի օրակարգում հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի քննարկումն է: Ընդ որում, արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։

Երեկ քաղաքացիական ակտիվիստներին հաջողվեց կասեցնել Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի քանդման աշխատանքները։ Շինությունն արդեն իսկ կիսաքանդ վիճակում է, սակայն կանգուն է աղյուսե ֆասադը։ Եվ ահա երեկվա ահազանգերից հետո որոշվել է արտահերթ նիստ հրավիրել՝ պատասխանատուների հետ:

Նկատենք, որ կառավարության որոշմամբ տարածքի իրացման իրավունք է տրվել 18 տարբեր կազմակերպությունների: Այդ ընկերությունները, սակայն, իրար հետ կապված են: Նրանցից մեկը «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն է, մնացյալ 17-ը՝ Արևմտյան Հայաստանի տեղանուններ պարունակող ընկերություններ են: 33-րդ թաղամաս կոչվող այս տարածքը կամ Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ է ճանաչվել դեռ 2008 թվականի նոյեմբերին, վերջին անգամ՝ 2018 թվականի մարտի 22-ին: Ըստ այդ որոշման, միայն մի քանի շենք` հիմնականում փողոցների վրա գտնվողներն ունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, իսկ թաղամասի ներսում գտնվող 19-րդ դարի կառույցները, չնայած իրենց մեկդարյա պատմությանը մինչ օրս տեղ չեն գտել պատմամշակութային հուշարձանների ցանկում։

«Կառավարության վերը նշված որոշմամբ ձեռք բերող ճանաչված կազմակերպությունները պարտավորվել են քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված կարգով ձեռք բերել որոշմամբ տարածքում ընդգրկված գույքային միավորները, ինչպես նաև կենսագործել քաղաքաշինական ծրագիրը, որի իրականացման համար ներդրվել է մոտ 70 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ»,- հայտնել էր Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այդ տարածքի օտարման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել 2023թ. հունվարի 1-ը: Զուգահեռ, նաև ընկերությունների  կողմից իրականացվում են նախագծային աշխատանքներ:

«Ներկայումս դեռևս չօտարված անշարժ գույքերի սեփականատերերի հետ ընթանում է բանակցային գործընթաց, և, ըստ ձեռք բերողների հավաստիության, մինչև սեփականության օտարման գործընթաց սկսելու վերջնաժամկետը ձեռք կբերվի ՀՀ կառավարության 22.03.2018թ. 332-Ն որոշման հավելվածում ընդգրկված և դեռևս չօտարված անշարժ գույքը»,- հայտնել է քաղաքապետարանը:

Վկայակոչած որոշմամբ նոր՝ հուշարձան-շենքեր էին ներառվել գերակա շահ ճանաչված տարածքում, որոնք նախորդ՝ 2007-ի որոշմամբ դուրս էին մնացել կառուցապատումից։ Մասնավորապես, Տիգրան Մեծ 1 հասցեի հուշարձան-շենքն ընդգրկվել էր նախագծում։ Սակայն շենքի սեփականատերերը շարունակում են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար և չեն ցանկանում հանձնել շենքը նոր սեփականատերերի, մանավանդ, որ այն ներառված է ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի 1616-ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Ն.Հ.

Ձեզ կեհաքրքրի...