ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումին
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Փոքր պետությունների ֆորումի նախագահող Սինգապուրի, ՄԱԿ Ավագների խորհրդի և ՄԱԿ 75-րդ ամյակի հարցերով գլխավոր քարտուղարի խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակ. Բազմակողմանիությունը մասնատված աշխարհում» խորագրով բարձր մակարդակի առցանց ֆորումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանը, ՄԱԿ ԳԱ նախագահ Մուհամմադ Թիջջիանի Բանդեն, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Ավագների խորհրդի նախագահ Մերի Ռոբինսոնը:
Իր ելույթում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Սինգապուրի ԱԳ նախարար Վիվիան Բալակրիշնանին ՄԱԿ-ի կանոնադրության 75-ամյակին նվիրված այս առցանց ֆորումը նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ՄԱԿ 193 անդամ պետությունները, այդ թվում՝ փոքր պետությունները, արտահայտում են մեր բոլոր ժողովուրդների ինքնորոշման, միջազգային հարաբերություններում ինքնիշխան ձայն ունենալու և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրագործման համար միասին աշխատելու, մեր ժողովրդների անունից հանդես գալու իրավունքները։
«75 տարվա ընթացքում ՄԱԿ-ը ձևավորել է բազմակողմ համագործակցության յուրահատուկ օրինակներ ցանկացած, այդ թվում՝ անվտանգության, զարգացման, մարդու իրավունքների և այլ ոլորտներում, որոնք պահանջում են բազմակողմ համագործակցություն, հավաքական գործողություն:
Այս 75 տարիների ընթացքում առավել քան ակնհայտ է դարձել, որ մենք բոլորս փոխկապակցված ենք։ Գլոբալ համավարակը միջազգային հանրությունում շատերին տառապանք պատճառեց, այն ոչ ոքի չխնայեց: Սակայն համավարակը նաև արտահայտեց մեր խոցելիությունը, հումանիտար տարածության, գլոբալ համերաշխության և բազմակողմ ինստիտուտների նկատմամբ վստահության սահմանափակումները:
Ինչ-որ առումով այս ամենը նաև գործելու կոչ է: Սա մեր ճկունության, հավաքական կարողությունների և բազմակողմանի համագործակցության ստուգարք է»:
Նախարար Մնացականյանը երախտագիտություն հայտնեց ՄԱԿ գործող նախագահ Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի, բազմակողմանիության նկատմամբ գործադրվող ճնշումներին հակադարձելու վճռականության համար: Ընդգծելով համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարին աջակցություն ցուցաբերելու և նրա շուրջ համախմբվելու կարևորությունը՝ ԱԳ նախարարը բարձր գնահատեց վերջինիս՝ գլոբալ զինադադար հաստատելու կոչը՝ որպես խիստ արդիական քայլ և պատասխանատվության պատգամ:
«Հաջողված բազմակողմանի համագործակցության շատ օրինակներ կան: Այս 75 տարիների ընթացքում մենք ձևավորել ենք համագործակցության նշանակալի իրավական հիմքեր, այդ թվում մի շարք կոնվենցիաների և մեզ միավորող տարբեր այլ գործիքակազմերի միջոցով: 75 տարի շարունակ ամենայն վստահությամբ հղում ենք կատարում ՄԱԿ կանոնադրությանը՝ որպես բոլորիս համար բացարձակ համընդհանուր սահմանադրության:
ՄԱԿ-ի Կանոնադրության 75-ամյակը նաև կարևոր հիշեցում է «մենք՝ ժողովուրդը» հավաքական ուժերի և մարդու իրավունքների, արժանապատվության և մարդկային արժեքի նկատմամբ հավատի մասին։ Միասնաբար պետք է անենք ավելին՝ մեղմելու ճգնաժամային իրավիճակները, որոնք առավել մեծ մարտահրավեր են մարդու հիմնարար իրավունքների առումով. այդ մարտահրավերի հասցեագրումը պահանջում է բազմակողմ ինստիտուտների առավել ամրապնդում»։
Եզրափակելով իր խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հայաստանն ավելի քան երկու տասնամյակ ստանձնել է պարտականություն, ինչպես նաև բարոյական պարտավորություն՝ մեր գործընկերների հետ միասին համախմբելու միջազգային ջանքերը՝ ուղղված ցեղասպանության, զանգվածային վայրագությունների կանխարգելմանը, ապագա վայրագությունների կանխարգելման նպատակով վաղ նախազգուշացման կարողությունների ամրապնդմանը։ Գլխավոր Ասամբելայի և Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնած ՄԱԿ բանաձևերը նպաստում են ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը, որոնք, մեր խորին համոզմամբ, իրենց կոնսենսուսային և բովանդակային արդյունքներով արդյունավետ բազմակողմանի համագործակցության կարևոր դրսևորում են»։