«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Լոռիում 220 վարակակիր կա

Gloria kari fabrika

 Լոռու մարզում այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 220 դեպք, որից 64 քաղաքացի արդեն առողջացել է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, նշելով, որ մահվան նոր դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել (կորոնավիորւսի հետեւանքով մարզում մահացել է 1 մարդ):

Մարզպետը տեղեկացրեց, որ ավելացել է նաեւ « Գլորիա» կարի արտադրամասում վարակված աշխատակիցների թիվը. «54 նոր դեպք ունենք, «Գլորիայի» վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»:

Լոռու մարզպետարանում այսօր առավոտյան մարզի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Ներկայացնելով համավարակի տարածման հետ կապված մարզում ստեղծված ընդհանուր իրավիճակը, Ղուկասյանը հորդորել է հետեւողականությամբ իրականացնել պարետի ցուցումով սահմանված գործողությունները՝ վերահսկել հատկապես հոգեհանգստի եւ թաղման արարողությունների կազմակերպումը: Մարզպետը համայնքապետերին հանձնարարել է համայնքապետարանների աշխատակիցների շրջայցեր կազմակերպել՝ մարդկային կուտակումներ թույլ չտալու նպատակով:

Նախօրեին էլ մարզպետը շրջայց էր կատարել Վանաձորում: Մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ անակնկալ շրջայցերը մարզի տարբեր համայնքներում կրելու են շարունական բնույթ:

Ինչ վերաբերվում է «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով սահմանափակելուն, Անդրեյ Ղուկասյանն ասաց. «Արտադրամասում քանի որ բոլորն արդեն կոնտակտավորներ են, այսպես թե այնպես պետք է 14 օր ինքնամեկուսանան, հետեւաբար «Գլորիա» արտադրամասի աշխատանքները այսպես թե այնպես հնարավոր չի լինի կազմակերպել առաջիկա 2 շաբաթների ընթացքում»:

Մարզում, կորոնավիրուսի հաստատված դեպքերին զուգահեռ, ընդլայնվել է նաեւ աշխարհագրությունը: Շարունակվում են դեպքեր գրանցվել նաեւ այն համայնքներում, որտեղ մինչ օրս վարակակիրներ չկային:

Ձեզ կեհաքրքրի...