Փաշինյանն անդրադարձավ դիմակների գների իջնելուն.
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ դիմակների գինն էլ ավելի կիջնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Երեկ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահը զեկուցեց, որ դիմակների գների անկում է արձանագրվել որոշակի, այդ թվում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ և կա հույս, որ ավելի կիջնի դիմակների գինը»,- ասաց Փաշինյանը:
Հունիսի 4-ից Հայաստանում բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։
Հունիսի 4-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 68 է:
Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Նորայր Շողիկյան