Հանրային ծառայողները Երևանում բնակարանով կապահովվեն.

Bnakaranner

«Հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևանում՝ Ադոնցի փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և կայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» հարցը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պարտականությունների պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը:

Ղուլարյանը հայտնեց, որ բնակարանների կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի ընթացքում և շահառուներին հանձնել երկու փուլով. մինչև 2023-ի ապրիլը՝ 200, և մինչև 2023-ի օգոստոսը՝ մնացած 145 բնակարանները:

«Ծրագրի շահառուները «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցրած մարդիկ են, որոնց աշխատատեղը գտնվում է Երևանում: Շահառու կարող են հավակնել նաև Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները, օտարերկրյա պետություններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող մարդիկ, վարչապետի հավանությանն արժանացած ծրագրեր իրականացրած անձինք կամ ՊՈԱԿ-ների աշխատակիցներ»,- նշեց Ղուլարյանը:

Ղուլարյանը նշեց, որ բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քմ-ի արժեքը՝ ներքին հարդարմամբ, 354 հազար դրամ է, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 հազար դրամ: Ավտոկայանատեղիի արժեքը 2.5 միլիոն դրամ է, կանխավճարը՝ 10 տոկոս:

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան

Ձեզ կեհաքրքրի...