ՀԿԵ-ն վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը

elektragnacq

Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի 27-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու և ուղևորափոխադրումների կտրուկ կրճատման պատճառով:

Ընկերության ներկայիս որոշումը պայմանավորված է միջքաղաքային երկաթուղային ուղևորափոխադրումների պահանջարկի որոշակի վերականգնումով և ուղղված է Երևանի ու Գյումրու միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանը: Այնուամենայնիվ, հանրապետության երկու խոշոր քաղաքների միջև էքսպրեսի երկարատև աշխատանքի ապահովումը կախված կլինի այս ծառայության պահանջարկի վերականգնման տեմպերից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում հակավիրուսային միջոցառումների իրականացման հետ կապված՝ այս տարվա մարտից Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ոլորտում արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում: Այսպիսով՝ մարտի 14-ից չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղերթները: Արդյունքում այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով այդ գնացքի ուղևորների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56,5%-ով:

Երևան-Գյումրի արագընթաց գնացքների չեղարկման պատճառով հաշվետու ժամանակահատվածում այդ երթուղու ուղևորների թիվը նվազել է 64%-ով: Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ գործող սովորական էլեկտրագնացքների ուղևորահոսքը կրճատվել է մինչև 15%: Երևան-Արաքս էլեկտրագնացքների ուղևորների թիվը նվազել է 18%-ով:

Դրական դինամիկա (+ 2,8%) գրանցվել է միայն Երևան-Երասխ երթուղով, ինչը պայմանավորված է ՀՀ Կառավարության կարանտինային միջոցառումների շրջանակներում միջքաղաքային ավտոբուսային երթուղիների չեղարկմամբ:

Ընդհանուր առմամբ երկաթուղու բոլոր ուղղություններով ուղևորների թվի նվազումը ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 17,7%:

ՀԿԵ-ն շարունակում է խստորեն իրականացնել պարետի կանխարգելիչ և հակավիրուսային միջոցառումները. չափվում է ուղևորների ջերմությունը, շարժակազմն ախտահանվում և մաքրվում է, վագոններում պահոված է ախտահանող միջոցների առկայությունը, հսկվում է ուղևորների կողմից սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներ ու ձեռնոցներ կրելու պահանջների կատարումը: Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում կառավարական հանձնաժողովը մշտադիտարկում է իրականացրել ընկերության ուղևորատար համալիրում և արձանագրել է պարետի որոշումներին ձեռնարկված միջոցառումների համապատասխանությունը:

Ձեզ կեհաքրքրի...