Այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ
Մայիսի 20-ին, ժամը 16:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասի «Բիշարյան» կահույքի սրահի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի Մանուշյան փողոցում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Աշոտ Շ․-ն (ծնված 1962 թ.), Պավել Թ․-ն (ծնված 1963 թ.) և Գևորգ Հ․-ն (ծնված 1984 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Վաղարշապատի ԲԿ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Հովհաննես Ք․-ի (ծնված 1963 թ.) այրված դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:16-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։