Ես այսօր ԱԱԾ-ից ստացել եմ Ապրիլյանի վերաբերյալ զեկույցը, բայց մեզ մոտ հազարավոր էջեր կան, պետք է համադրենք. Ա. Քոչարյան

aveli shat ban gitenq

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հստակ պատասխան չտվեց՝ 2016-ին հայկական հետախուզությունը ունեցե՞լ է բացթողումներ, թե՞ ոչ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի մասնակցությամբ այսօրվա նիստից հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ունի բազմաթիվ հարցերի վերաբերյալ հստակ տեղեկատվություն, այդ թվում՝ այդ հարցին վերաբերող:

Նա ընդգծեց, որ եթե որեւէ մեկին կանչում են երկրորդ անգամ, նշանակում է, որ վերլուծությունների արդյունքում առաջացել են հարցեր, որոնք պետք է ճշտեն՝ ունեցած տեղեկատվությունը ամբողջացնելու համար: «Ոնց որ թե մեզ հաջողվեց ճշտել»,- Կարապետյանի հետ հանձնաժողովում տեղի ունեցած երկրորդ հանդիպման վերաբերյալ ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Կարապետյանը առաջին անգամ հանձնաժողով էր եկել 2019-ի հոկտեմբերին:

Արդյոք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետի այս եւ նախորդ անգամվա պատասխաններում կայի՞ն հակասություններ՝ այս հարցին ի պատասխան՝ քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց.

«Խնդիրը հակասությունների մեջ չէ, խնդիրը ամբողջացնելու մեջ է: Վերջին հաշվով մենք մինչեւ պարոն Կարապետյանին հրավեր ուղարկելը լսել էինք ՊԲ հրամանատարին, որը շատ կարեւոր էր, լսել էինք հատուկ նշանակության բրիգադի հրամանատարին, որը պարոն Կարապետյանի անմիջական ենթակայության տակ է գործել: Այնպես որ մեր հանդիպումները պատահականության սկզբունքով չեն, մեր հանդիպումները տեղավորվում են անվտանգության ձեւաչափի մեջ, որը վերաբերում է Ապրիլյան օրերին: Մեր աշխատանքները ավարտվում են՝ բանակցությունների փուլի աշխատանքները ուսումնասիրելով: Ինչ-որ բանից սկսվել է Ապրիլյանը, ինչ-որ բանով՝ ավարտվել: Հիմա այդ ամբողջ պրոցեսը անցել ենք, պետք է վերլուծենք, հասկանանք՝ ավարտը ինչպիսինն է, որովհետեւ 5-րդ ալիքի ֆիլմում այլ բան է ասվում, իրականությունը մի քիչ այլ է: Հիմա պետք է հասկանանք՝ մեր երկրի անվտանգային համակարգի համար ո՞րն է կարեւորագույնը»:

Այս ամենի մասին, ըստ Քոչարյանի, կտեղեկանանք հանձնաժողովի վերջնական զեկույցում, եթե պետական գաղտնիքի մասին օրենքով պայմանավորված գաղտնիության խնդիր չլինի, եւ նման հնարավորություն ընձեռվի:

Հանձնաժողովն իր աշխատանքները ավարտելու է հունիսի 4-ին: Զեկույցը պատրաստ կլինի մինչեւ սեպտեմբեր:

«Ֆիզիկապես պետք է հասցնենք, որ որակյալ զեկույց ներկայացնենք հանրությանը, Ազգային ժողովին, հանրապետության պատասխանատուներին: Պետք է ամռան 1-2 ամսվա ընթացքում ի մի բերենք այս ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի Ապրիլյանի մասին այսպիսի տեղեկատվություն, ինչքան գտնվում է Ազգային ժողովի տարածքում: Ես այսօր ԱԱԾ-ից ստացել եմ Ապրիլյանի վերաբերյալ տեղեկատվությունը, բայց մեզ մոտ հազարավոր էջեր են, պետք է համադրենք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ սեպտեմբերին պատրաստ կլինեն՝ հանրությանը ներկայացնելու այն կարեւոր դրվագները, որը հետաքրքրում է բոլորին:

Իսկ մինչ այդ հանձնաժողովը դեռ լսելու է նաեւ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին, հնարավոր է նաեւ՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Շարունակում է ուժի մեջ մնալ նաեւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին ուղղված հրավերը, որը նա ավելի վաղ մերժել է:

«Հաջորդը, ում որ հրավիրել ենք, Էդվարդ Նալբանդյանն է, այս պահին նա տվել է համաձայնություն, որ մասնակցելու է հանձնաժողովի աշխատանքներին, իսկ ձեւաչափի ուղղությամբ աշխատում ենք: Նրա մասնակցությամբ նիստը կլինի կա՛մ 26-ին, կա՛մ 27-ին (մայիսի-խմբ.) »,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով Բակո Սահակյանին լսելու անհրաժեշտությանը՝ Քոչարյանն ասաց, որ ինքը՝ որպես հանձնաժողովի նախագահ, կարծում է, որ մի քանի հարց կա ուղղելու պարոն Սահակյանին:

«Այս պահին շարունակում է մնալ մեկ կարեւոր անձնավորության խնդիրը, որը մինչեւ ամսի 4-ը ունի ժամանակ՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու. դա գեներալ-գնդապետ Յուրի Խաչոտուրովն է: Բնականաբար, Արշակ Կարապետյանի երկրորդ հրավերը կապված էր նաեւ պարոն Խաչատուրովի չգալու հետ»,- ասաց Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահը եւ նաեւ ընդգծեց.

«Առավել եւս նա անկաշկանդ 5-րդ ալիքի պատրաստած ֆիլմում պատմում է դրվագներ, նույն դրվագները գար հանձնաժողովում պատմեր, եթե մենք էլ հարցեր ունեինք, տայինք, իսկ ես կարծում եմ՝ այդ ֆիլմից հետո մեզ մոտ էլ ավելի շատ հարցեր են առաջացել»:

Եզրափակելով Ապրիլյանից առաջ հայկական հետախուզության աշխատանքի վերաբերյալ իր խոսքը՝ Քոչարյանը նկատեց, որ հետախուզությունը ամեն ինչ չէ, որ կարող է անել:

«Մեր երկիրը մի օր պետք է ունենա այնպիսի հետախուզություն, ինչպիսին ունեն շատ երկրներ, որոնք կանխում են շատ նմանատիպ ավանտյուրաներ կամ գործողություներ, այնպիսին, ինչպիսին ՄՈՍԱԿ-ն է կամ անգլիական ՄԻ-5-ը կամ ՄԻ-6-ը, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը: Տեսեք, Ռուսաստանն իր համապատասխան կառույցները կարգի է բերել եւ շարունակում է զարգացնել: Մեր երկրի առաջնահերթություններից մեկն էլ հետախուզությունը կարգի բերելը, ուժեղացնելը, հեռանկար տալն է, որպեսզի ապագայում տեղեկացված լինենք մեր հնարավոր վտանգների մասին»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ եթե ձեր ասած հետախուզությունը 2016-ին ունենայինք, կկարողանայի՞նք տեղորոշել, կանխորոշել պատերազմը՝ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե»:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...