Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. ժամանել է Երևանի ոստիկանապետն ու մեծ թվով «կարմիր բերետներ». բնակիչներն ասում էին՝ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, տաքարյուն երիտասարդներն իրար էին սպանելու

ceckrtuk

 Այսօր՝ մայիսի 13-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն: Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ էսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Հետաքննչական բաժանմունքում էլ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել մեծ թվով «կարմիր բերետներ»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ձեզ կեհաքրքրի...