«Շանսի-Նաիրիտ»-ը պետք է դառնա արդյունավետ, իսկ ՀԱԷԿ-ի արտադրած էներգիայի թանկացման հարց օրակարգում չկա

nairit

«Հայաստանի Հանրապետությունը, լինելով համասեփականատեր, ուզում է, որ «Շանսի-Նաիրիտ» ընկերությունը որպես բաժնետեր տա օգուտներ, և բաժնետեր լինելը չկրի սիմվոլիկ բնույթ»,- խորհրդարանում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։ 

«Գործընկերների հետ մենք ավելի առարկայական բանակցությունների փուլ ենք ուզում մտնել, որպեսզի հասկանանք ավելի մատչելի կամ, որպես համասեփականատեր, ինքնարժեքով արտադրանքի գնման և այլ շուկաներ արտահանման ուղղությամբ: Դա կարող է մեզ համար զգալի հնարավորություններ ստեղծել»,- ընդգծեց Պապիկյանը:

Նախարարը նշեց, որ նման գործընթացը պետք է սկսեին մինչև համավարակը, բայց պրոցեսը կանգ առավ, համավարակի մեղմացումից հետո կսկսեն գործընկերների հետ խոսակցությունը:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե ինչ  ներդրումներ են անհրաժեշտ Մեծամորի ատոմակայանի վերազինման համար, և արդյոք ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան թանկանալո՞ւ է:

Նախարարը պատասխանեց, որ ատոմակայանի կանգը պլանավորած խնդիր է և արտառոց բան չկա:

«Մեզ դեռ նախորդ տարվանից պարզ է եղել, որ ատոմակայանը կանգ առնելու է: Էներգետիկ բալանսում հաշվարկները կատարված են, և որևէ խնդիր մենք չենք ունենա: Հիմա ֆինանսավորման կարգի փոփոխություն ենք կատարում: ՀՀ-ն ճիշտ է համարում հիմա ֆինանսական նոր միջոցների ներգրավումը, և բանակցում ենք գործընկերների հետ, որպեսզի նախկին համաձայնագրի ժամկետը չերկարացվի։ Իսկ ՀԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի թանկացման հարց օրակարգում չկա»,- ասաց Պապիկյանը։

Հեղինակ`Նարե Ոսկանյան

Ձեզ կեհաքրքրի...