ԱԱԾ-ն նախարարություն չպետք է դառնա, պետք է լինի շատ դինամիկ հատուկ ծառայություն․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայությունում նախատեսած բարեփոխումներին։
«Որոշումները կայացված են, և դրանք արտահայտված են դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։ Մենք գիտենք, որ առաջիկայում այդ բարեփոխումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը ամբողջությամբ փոխելու է իր գործառնական նշանակությունները։ Մասնավորապես՝ քննչական և հակակոռուպցիոն գործառույթները ամբողջովին դուրս են գալու, և ԱԱԾ-ն առնչվելու է երեք թեմայի հետ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու անվտանգություն և սահմանադրական կարգի պահպանություն։ Այսինքն՝ արտաքին անվտանգության և ներքին անվտանգության պահպանություն։ Այս առումով է, որ մենք կարծում ենք, որ այն նախարարություն երբեք չպետք է դառնա և պետք է լինի շատ դինամիկ հատուկ ծառայություն։
Մեր ռազմավարական պատկերացումն այն է, որ հետախուզությունը նույնպես ԱԱԾ գործառույթ չպետք է լինի, և մենք պետք է ունենանք առանձին հետախուզական ծառայություն»,- նշեց վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ նախատեսված է ունենալ հակակոռուպցիոն դատարան, հակակոռուպցիոն կոմիտե, որոնք էլ կիրականացնեն հակակոռուպցիոն ամբողջ գործընթացը: