10 000 բուժաշխատողի աշխատավարձ բարձրացել է 10-30 տոկոսով․ ՀՀ վարչապետ
«2019 թվականի վերջի վիճակագրական տվյալներով՝ 2018 թվականի ընթացքում Կառավարությանը հաջողվել է 2․2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսի։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1,4-ից մինչև 1 տոկոս»,- ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նպատակ արձանագրված է մինչև 2023 թվականը ծայրահեղ աղքատության վերացումը։ Վարչապետի խոսքով՝ եթե հաջողվի այս տեմպով շարունակել, ապա կհաջողվի իրագործել ծրագիրը։ Փաշինյանն ընդգծեց՝ նախաճգնաժամային շրջանում ունեցել ենք ՀՀ-ում աղքատության ամենացածր պատմական մակարդակը։
Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս վարչապետն անդրադարձավ նաև 2019 թ. ընթացքում աշխատավարձերի բարձրացմանը։
«2018 թվականի մայիսից մինչև այսօր ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու կամ աշխատավարձը, կամ նպաստը, կամ թոշակը ավելացրել ենք։ Պարտադիր չէ, որ դա լինի ուղղակի բյուջեի ֆինանսավորմամբ։ Ուզում եմ հիշեցնել, որ համահարթ եկամտային հարկի սահմանմամբ հունվարի մեկից բարձրացել են հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձերը»,- ընդգծեց վարաչապետը։
Փաշինյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի հունիսի մեկից Զինված ուժերի, զինծառայողների ամսական վարձատրությունը՝ կախված ծառայության վայրից և պայմաններից, բարձրացել է մինչև 30 տոկոսով։ Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 000 ուսուցչիի, բարձրագույն ուսումնական հաստատությունների 2600 դասախոսի, առաջին օղակի 10 000 բուժաշխատողի աշխատավարձերը բարձրացել են 10-30 տոկոսով։ Նշեց նաև, որ հոկտեմբերի 1-ից էլ մինչև 52 տոկոսով բարձրացել են փրկարար ծառայության սպայական անձնակազմի և կրտսեր խմբի աշխատավարձերը։
«2019 թվականի հունվարի մեկից բարձրացվել է նաև 21 785 աշխատանքային և 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները։ Նվազագույն կենսաթոշակի մակարդակ է սահմանվել 25 500 դրամը»,- հայտնեց վարչապետը։
2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64,084 նպաստառուի նպաստների, 3307 զինվորական կենսաթոշակառուի կենսաթոշակների չափերը, նվազագույնը սահմանելով՝ 25 500 դրամ:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև այս տարվա տվյալներին՝ նշելով, որ հունվարի 1-ից կենսաթոշակների չափը բարձրացել է միջինը 10 տոկոսով։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից էլ քրեակատարողական ծառայողների աշխատավարձն է բարձրացել՝ 30 տոկոսով։ Ընդգծեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձն էլ 55 000-ից բարձրացել և սահմանվել է 68 000 դրամ։