Սիրիայում եղբայրական գերեզմաններ են հայտնաբերվել․ ահաբեկիչները զոհերին նետել են ձորը

Siria

  «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել  է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպանվածների եղբայրական գերեզմանների հայտնաբերման մասին։

Սիրիայի հյուսիս –արևելքում գտնվող ալ Հոտայի ձորը մի քանի տարի առաջ եղել է ԻՊ-ի վերահսկողության ներքո։ Այնուհետ տարածքն անցել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի», իսկ ավելի ուշ՝ Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակի» վերահսկողության տակ, գրում է Region Monitor-ը։

  Հետազոտողները ԻՊ-ի հրապարակած տեսանյութերից մեկում նկատել են, որ ահաբեկիչները երկու գերու սպանում և նետում են շուրջ 50 մետր խորություն ունեցող ձորը, ինչից հետո իրավապաշտպաններն այս ուղղությամբ ուսումնասիություն են սկսել։

Մայիսի 5-ին HRW-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ ահաբեկիչները նաև հաճախ սպառնացել են  Հոտայի ձորը նետել մարդկանց։ Որոշ ականատեսներ պատմել են, որ  ձորում սպանված մարմիններ են նկատել։ 2018թ․ HRW–ի մասնագետները այցելել են տարածաշրջան և դրոնի միջոցով ուսումնասիրել ձորի հատակը։ Պարզվել է, որ ձորի հատակի ջրում 8 սպանված մարմիններ են լողում։ Ելնելով դիակների վիճակից՝ մասնագետները ենթադրում են, որ ԻՊ-ը կարող  էր նաև տարածաշրջանում վերահսկողությունը կորցնելու հետո շարունակել դիակները ձորը լցնել։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախկինում Սիրիայի արևմուտքում՝ մինչև Իրաքի սահմանը ձգվող շուրջ 88 քառակուսի կիլոմետր մակերեսով մի տարածք էր վերահսկում։ Հոտայի ձորը գտնվում է ԻՊ-ի մայրաքաղաք հռչակված Ռաքքա քաղաքից 85 կիլոմետր հեռավորության վրա։ 2013-2015թթ․ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող այս տարածքները, որ նախկինում հայտնի էին որպես գեղատեսիլ վայրեր, արդեն հիշատակվում են միայն որպես սարսափելի գործողությունների թատերաբեմ։

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ ԻՊ-ի ձեռքում գտնված տարածքներում ընդհանուր առմամբ 20 եղբայրական գերեզման է հայտնաբերվել, որտեղ հազարավոր դիակներ կան։ Ահաբեկչական խմբավորման զոհերի թվում կարող են լինել Սիրիայում անհետ կորած մի շարք անձինք՝ ակտիվիստներ, մարդասիրական առաքելությունների մասնակիցներ, լրագրողներ կամ պարզապես որևէ կերպ ահաբեկիչների թիրախում հայտնված անձինք։

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...