Խոշոր ավտովթար Էջմիածնում. Jaguar-ը բախվել է ՎԱԶ 2109-ին, այնուհետև ծառերին ու էլեկտրասյանը և տապալել դրանք. Jaguar-ը վերածվել է մետաղե ջարդոնի.
Այսօր՝ մայիսի1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամ Բաղդասարյանի վարած Jaguar մակնիշի 15 TT 115 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Մարգարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109 մակնիշի 35 VZ 233 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում, վնասվածքներ չեն ստացել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jaguar-ի վարորդը, ով բախվել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109-ին, այնուհետ առաջ ընթանալով՝ կոտրել ծառերն ու հսկայական երկաթե էլեկտրասյունը, ինչի հետևանքով ծառերն ու էլեկտրասյունը տապալվել են։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արմավիրի մարզի «Արփինետ» ընկերության ներկայացուցիչները, անվտանգության պետ Արտյոմ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Վաղարշապատի քաղաքապետարանի «Կանաչապատում ու բարեկարգում» ընկերության ներկայացուցիչները՝ Մուրադ Խաչատրյանի գլխավորությամբ։ Վերջիններս կարճ ժամանակում վերացրեցին թերությունը, իսկ էլեկտրասյան տապալման պատճառով ժամանակավորապես դադարեցվել էր որոշ հատվածի էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապերը։