Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նոր փաստերը արդյոք փոխելո՞ւ են քաղաքականությունը

harc

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 44 հարց է, որից 34-ը՝ չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի: Կառավարությունն այսօր հաստատելու է նաև   կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը:

Նիստի մեկնարկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց՝ վատ իմաստով ռեկորդային ցուցանիշ ենք գրանցել երեկ՝  կորոնավիրուսի 134 հաստատված նոր դեպք։ Բուժվել է 29 քաղաքացի, փաստացի բուժվողների թիվը 1103 է: Արհեստական շնչառական սարքերին միացված է 6 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում 17 հոգի է, ծանր՝ 59:

Նախարարն ասաց, որ այս սցենարի պարագայում շուտով կանցնենք ասիմտոմ պացիենտներին չհոսպիտալացնելու քաղաքականությանը, ինչը բերելու է հետագա տարածման:

«Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել՝ չնայած այս 134 քաղաքացիների մեջ եղել են իրար հետ շատ փոխկապակցված անձինք, այսինքն՝ մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսօր էլ այդքան քաղաքացի կլին: Մի դեպք ունենք, որից մենք փաստացի միշտ փորձել ենք խուսափել,  հուղարկավորության արարողության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել, և այլ անձինք են եղել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ նոր փաստերը արդյոք փոխելո՞ւ են քաղաքականությունը, ինչին ի պատասխան՝ պարետն արձագանքեց.

«Մենք չենք փոխում մեր պլանները, որովհետև ընդհանուր առմամբ շրջանակը կոնկրետ է, և մենք ունեցել ենք հիվանդանցում լուրջ խնդիր։ Այդտեղ էլ շրջանակը կոնկրետ է, այնուամենայնիվ՝ դինամիկայից կախված՝ նաև որոշումները կարող են փոփոխվել»:

Ավինյանը շեշտեց, որ այս պահի պլաններով՝ մայիսի 4-ից տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշումն էական փոփոխվելու է, և էական ոլորտներ բացվելու են պարտադիր կանոնների պահպանմամբ:

«Դեռևս էական սահմանափակումներ են գործելու զվարճությունների և հանգստի ոլորտում և մի շարք այլ ոլորտներում, բայց ընդհանուր առմամբ՝ մշակող արդյունաբերությունը վերագործարկվելու է, վերագործարկվելու են նաև որոշ տեսակի խանութներ»:

Վարչապետը դժգոհեց, որ քաղաքացիները ցուցումները չեն պահում, և եթե չկարողանան հասնել նրան, որ կանոնները պահպանվեն, լուրջ խնդիր է լինելու:

Նշեց, որ ընտանիքով  զբոսնելու ընթացքում արձանագրել է, որ մարդիկ նույնիսկ խմբերով են հավաքվում, ինչը վտանգավոր է.

«Հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ վիրուսը հաղթահարված է, այլ որ ակնհայտ է, որ մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և հետևաբար՝ չենք կարող ուղղակի 1 տարի փակված ռեժիմով ապրել»:

Նկատեց, որ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսին զուգահեռ՝ տեղի են ունենում մեղմացումներ:

Վարչապետն ընդգծեց, որ միակ տարբերակը վարքագծային նոր կանոնների հաստատումն է, քանի որ առաջիկա մի ամսում ևս ոչինչ տեղի չի ունենալու, որ մեզ թույլ տա վերադառնալ նախկին կյանքին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ եթե սպասվող մեղմացումները բերեն վարակի տարածման ռիսկի մեծացմանը և առողջապահական համակարգի համար վտանգավոր հետևանքների, միանշանակ գնալու են եղած ամենակոշտ ռեժիմից էլ ավելի կոշտ ռեժիմի, ուստի հորդորեց տնտեսվարողներին խստորեն հետևել կանոններին:

Ձեզ կեհաքրքրի...