Գավառի կրակոցներից զոհվել են նաև «Նորատուսցի արջն» ու զինվորական քննիչը. մանրամասներ
Ապրիլի 28-ին Գավառում կրակոցներ էին եղել, ինչի հետևանքով կային զոհեր և վիրավորներ։ Պարզվել է՝ տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ, 30-ամյա Արմեն Սարգսյանը, Գավառի բնակիչ, 39-ամյա Արմեն Հայթյանը, 37-ամյա Վարդան Դավոյանը, Նորատուս գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրաչյա Հակոբյանը, 18-ամյա Արտյոմ Պետրոսյանը, 32-ամյա Սասուն Մելոյանը։ Արդեն մահացած վիճակում հիվանդանոց են տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ, 33-ամյա Վահե Ավետիսյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Աղբյուրը գրում է, որ մինչ դեպք վայրում աշխատում էին ոստիկաններն ու քննիչները, ժամը 21։30-ին Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գավառի բաժին, որ մի խումբ անձինք հարձակում են գործել հիվանդանոցի վրա, մտել ներս, ջարդուփշուր արել ապակիներն ու գույքը և ծեծի ենթարկել Ա. Հայթյանին և այնտեղ գտնվող Գավառ քաղաքի բնակիչ, 38-ամյա Դավիթ Հայթյանին։ Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։
Ապրիլի 28-ին մարտաֆիլմ հիշեցնող սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմանում ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գավառի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, որի հետևանքով 2 մարդ մահացել էր, 2-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գավառի, 2-ն էլ՝ Գավառի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին Երևանի հիվանդանոցներ:
Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ոստիկանության Գավառի բաժնի փորձաքրեագետները: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներն հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. որ մահացածներից մեկը Նորատուսից էր, մյուսն էլ զինվորական քննիչ էր: Ոստիկաններն ու քննիչները պարզում էին սպանվածների և վիրավորների ինքնությունը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էին նաև Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազներ: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կային կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կային հետքեր: Դեպի վայր էր ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին մեծ թվով կրակված պարկուճներ: Գավառ էին ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, որոնք ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության էին անցել Գավառում: Հսկողության տակ էր վերցվել նաև Գավառի հիվանդանոցը: Ժամանել էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողները:
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի՝ կապված տարիներ առաջ Գավառում Նորատուս գյուղի բնակիչ Հայկ Հակոբյանի սպանության հետ: Վերջինիս հայրը Գեղարքունիքի փոխմարզպետն էր, իսկ նրանց ազգականներն են հանցագործ աշխարհում հայտնի «հեղինակություններ» Նորատուսցի Ալիկ և Արա Բանդուրյանները: