«Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել 20 մլն դոլար կաշառք տալու համար
Ապրիլի 25-ին դատարանի որոշմամբ կալանավորվել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու և փողերի լվացման համար: 1lurer.am-ի հետ զրույցում Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ Առուստամյանը չի ընդունում մեղադրանքը, և իրենք բողոքարկելու են այն:
«9-10 տարի առաջ պայմանագրով, տոկոսով փոխառությամբ գումար է տվել 2 հոգու՝ տարեկան 4 տոկոսով, հետո պայմանագրերի ժամկետները երկարացվել են 2 անգամ փոխադարձ համաձայնությամբ: Քանի որ փոխառությունը չի վերադարձվել, ոչ էլ այդ ընթացքում տոկոսադրույքն է վճարվել, որակել են կաշառք տալ և փողերի լվացում»,- նշեց փաստաբանը:
Թե ըստ նախաքննական մարմնի ում է տրվել կաշառքը՝ Սուքիասյանը չմանրամասնեց, ասաց միայն, որ փոխառության պայմանագիրը ստորագրած անձինք պաշտոնյա չեն: «Որակել են, որ միջնորդավորված է տրվել կաշառքը»,- ասաց նա:
Փաստաբանից տեղեկացանք, որ «Մուլտի գրուպ» ընկերության տնօրենին առաջադրված մեղադրանքը այլ քրեական գործով է և կապ չունի «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինության ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ հարուցված գործի հետ, որի շրջանակում ևս Առուստամյանին մեղադրանք էր առաջադրվել: «Հյուսիս-հարավի» գործով նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։