Ցանկություն հայտնած մինչև վերջին քաղաքացին կվերադառնա Հայաստան. ԱԳ փոխնախարար
Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին կտեղափոխվի հայրենիք։
«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։
«ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար Մոսկվայից իրականացվել է երեք թռիչք, երեկ և նախորդ օրը թռիչքներ են իրականացվել նաև Կրասնոդարից ու Դոնի Ռոստովից։ Այդ գործընթացները շարունակվելու են մինչև վերջին ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացին չվերադառնա Հայաստան»,- ասաց Ադոնցը։
Փոխնախարարը նշեց, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին ծանոթ են և մոտ օրերս համապատասխան գործողություններ կիրականացնեն նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
Նորայր Շողիկյան