«Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով զբաղվում է 8 քննիչ և 3 դատախազ
«Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի վերաբացումից հետո ստեղծվել է 8 քննիչից կազմված քննչական խումբ, իսկ դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին՝ նշված է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ:
2019 թ. դեկտեմբերի 18-ին ստացվել է Անահիտ Բախշյանի բողոքը, որով նա խնդրել է վերացնել «Հոկտեմբերի 27»-ի մայր գործից ահաբեկչության կազմակերպիչների, հնարավոր այլ մասնակիցների վերաբերյալ անջատված մասի վարույթը կարճելու վերաբերյալ 2004 թ․ նոյեմբերի 11-ի որոշումը:
Դատախազի հաղորդման մեջ նախ ներկայացված է գործի նախապատմությունը: Ըստ այդմ. «2000 թ. հուլիսի 11-ի որոշմամբ քրեական գործից անջատվել է հանցավոր գործողություններին հնարավոր այլ մասնակիցների, ինչպես նաև հանցագործության նախապատրաստական փուլում և կատարմանն անմիջապես նախորդող պահին այն կանխելու հնարավորություն ու պարտականություն ունեցած այլ պաշտոնատար անձանց կողմից անփութություն դրսևորելու և հանցագործության կատարման ժամանակ օգտագործված զենքերի ու զինամթերքի հետ առընչություն ունեցած՝ Գարեգին Մկրտչյանի և Յուրա Եղիազարյանի վերաբերյալ թիվ 62207199/1 քրեական գործը՝ հայրենիքի դավաճանությանը, տեռորիստական ակտին հանցակցելու, զենքի, ռազմամթերքի ապօրին շրջանառության և անփութության համար պատասխանատվություն նախատեսող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 17-61-րդ, 17-59-րդ, 232-րդ հոդվածների 1-ին մասերով, 184-րդ հոդվածով:
…Քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող մարմնի կողմից արձանագրվել է, որ դատապարտված անձանցից բացի, հանցագործության այլ մասնակիցներ՝ կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել, իսկ Գարեգին Մկրտչյանին ու Յուրա Եղիազարյանին հարցաքննել հնարավորություն չի եղել, քանի որ վերջիններս բացակայել են ՀՀ-ից:
Նշված հիմնավորումներով 2004թ. նոյեմբերի 11-ին որոշում է կայացվել թիվ 62207199/1 քրեական գործի վարույթը կարճել»:
Ըստ դատախազի հաղորդման, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործի վարույթը կարճելու որոշումը նույն օրը ուղարկվել է շահագրգիռ անձանց, սակայն այն ստանալու մասին վկայող տվյալ գործում առկա չէ: Ուստի, դատախազությունը բավարարել է տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի ներկայացրած միջնորդությունները, և նրան են տրամադրվել քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված որոշման պատճենը, ապա՝ 2019թ․ նոյեմբերի 19-ին, քրեական գործի նյութերի սկանավորված տարբերակը:
«Բողոքի քննարկման արդյունքում արձանագրվել է, որ տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն, ըստ էության, հնարավորություն չի ունեցել քրեական գործի նախաքննության ընթացքում ամբողջ ծավալով իրականացնել իր իրավունքները, ժամանակին չի ծանոթացել գործի նյութերին և զրկված է եղել նախաքննությունը լրացնելու, իր կարծիքով անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացնելու հնարավորությունից, ինչի արդյունքում սահմանափակվել են նրա իրավունքները:
Նշված հիմնավորումներով 2019 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել բողոքարկման համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թ. նոյեմբերի 11-ի որոշումը վերացնելու մասին»,- տեղեկացրել է դատախազը:
Դատախազի հաղորդման մեծ ներկայացված են նաև այս օրերին հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով իրականացվող աշխատանքները:
«Այս քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:
Քրեական գործի առանձնահատկություններով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահին տրված ցուցումով ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված 8 քննիչներից, իսկ տվյալ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը հանձնարարվել է 3 դատախազից կազմված դատախազական խմբին։
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել 57 հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստական տվյալները, նախանշվել են հանցագործության համակողմանի բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումների հիմնական ուղղությունները»,-տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ԱԺ ներկայացրած տարեկան հաղորդման մեջ։