Պետությունը և Եկեղեցին պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին․ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գարեգին Բ Կաթողիկոսի՝ վերջերս արած հայտնի հայտարարությանը և դրան ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ նշեց, որ այս պահին ավելացնելու բան չունի, անհրաժեշտության դեպքում կարձագանքի։
«Այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել: Սա չի նշանակում, որ ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին: Այս պահին դա մեր պետության ու ազգի համար օգուտ չի լինի: Ասելիք իհարկե կա, վերաբերմունք իհարկե կա, բայց չեմ ուզում ասել: Ուղիղ ու անկեղծ ասում եմ։ Այո՛, պետությունը և Եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին: Միաժամանակ պետք է ասեմ, որ Կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»,- նշեց Միրզոյանը: