Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալը կմնա ազատության մեջ
Երեխաների ապօրինի որդեգրումների գործով մեղադրյալ Ա. Գ.-ն կմնա ազատության մեջ:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, վերադառնալով խորհրդակցական սենյակից, այսօր նման որոշում է կայացրել՝ այդպիսով մերժելով Ա. Գ.-ին չկալանավորելու որոշման դեմ Դատախազության բողոքը:
Լրատվականը նշում է, որ դատարանի որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել, բայց ելնելով բողոքի քննության ընթացքից՝ վստահ է, որ այն մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության հիմքով: Այսպիսով, նրա նկատմամբ այս պահին որեւէ խափանման միջոց ընտրված չէ:
Հիշեցնենք՝ Ա. Գ.-ի մեղադրանքը փետրվարի 20-ին ծանրացվել էր, եւ նախկին 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի փոխարեն մեղադրանք էր առաջադրվել նույն հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որն անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետեւանքներ): Դրանից հետո նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Ա. Գ.-ին կալանավորելու համար, ինչը մերժվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ:
Այս գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի եւս 4 անձ. «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Լիանա Կարապետյանը, եւ քաղաքացի Դիանա Գրիգորյանը: Նրանցից ոչ ոք այս պահին կալանավորված չէ: Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին: