Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու Ford-ը. կա 6 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները.
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Haise մակնիշի 398 AN 61 համարանիշի և Ford մակնիշի 36 TՏ 008 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարարները: Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Haise-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, խաչմերուկը կարգավորող լուսակիրին ու գովազդային վահանակին՝ կոտրելով դրանք: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամաել ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանը հայտնում է, որ Haise ավտոմեքենան հաշվառված է Թալինի հիվանդանոցի հաշվեկշռում և Թալինի հիվանդանոցից հիվանդ էին տեղափոխում «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածների մեջ էլ շտապօգնության մեքենայի վարորդն է, բժիշկը, հիվանդանոց տեղափոխվող հիվանդը, ևս 1 հոգի, իսկ մյուս վիրավորը Ford-ի վարորդն է: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրի հարևանութամբ գտնվող մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և Ford-ը պետք է զիջեր նրան: Անգամ այդ պայմաններում շտապօգնության ավտոմեքենան կարմիրի տակով չի անցել: Այդ տեղեկությունը ճանապարհային ոստիկանությունը ճշտում է: