Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․
Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանն այսպիսով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ դատարանից նաեւ 2 միլիոն դրամ փոխհատուցում են պահանջում:
Ալումյանն ասաց, որ հայցի պատճառը չհավասարակշռված եւ անմեղության կանխավարկածը խախտող հայտարարություններն են, որոնք, ըստ նրա, արել է վարչապետը։
«Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում 3 տարբեր հայտարարություններ է արել»,- ասաց Ալումյանը: Հայցվորի ներկայացուցիչը, սակայն, այլ մանրամասներ չասաց՝ նշելով, որ հայցադիմումն այժմ ձեռքի տակ չէ, բայց այն կապված է վարչապետի՝ 2.4 միլիարդ դոլարով պաշտպանության բյուջեն ավելացնելու հայտարարության հետ:
Հավանաբար Ալումյանը նկատի ունի վարչապետի մարտի 11-ի ելույթը Շինուհայր համայնքում, որտեղ նա մասնավորապես հայտարարել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեք, բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործին դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք՝ բերման կենթարկենք»:
Վարչապետը հիշեցրել էր նաեւ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր տված խոստումը՝ 5 տարում 2.5 միլիարդ գումար ավելին ծախսել բանակի մարտունակության բարձրացման համար, և այդ 2.5 միլիարդից 1.2-ը առնվազն պետք է հակակոռուպցիոն պայքարով վերադարձված փողերը լինեն:
«Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են եւ նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»,- իր ելույթում հայտարարել էր Փաշինյանը։
armtimes.com