Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա վերաբերյալ․ փոխվարչապետ
Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ընդհանրապես, էներգառեսուրսների գների փոփոխություն արդեն իսկ կա եւ նավթի գնի հետ կապված դա կհանգեցնի այլ էներգակիրների գների փոփոխման, չեմ բացառում՝ նախեւառաջ նվազման»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ մասին Հայաստանը քննարկումներ է սկսելու Ռուսաստանի հետ։
«Մենք մեր դիրքերը պետք է վերանայենք եւ մի բան հասկանանք. նավթի գնից բխող գազի գնի տատանումը տալիս է որոշակի էֆեկտներ, երբ որ համագործակցումը կամ գնումը տեղի է ունենում լողացող բանաձեuում։ Մեր դեպքում՝ դա լողացող չէ, ֆիքսված գին է սահմանին, որը որոշ դեպքերում դրական արդյունքներ է տալիս, որոշ դեպքերում բացասական»,- ասաց փոխվարչապետը։
Նա նշեց, որ պետք է վերլուծություն անել։ Գրիգորյանն ասաց նաեւ, որ գնի բանաձեւային տարբերակը Հայաստանի համար ավելի ընդունելի եւ մատչելի է։ Նա չբացառեց, որ նման քննարկում նախաձեռնվի։
«Մեկ շաբաթանոց անկման կամ 10-օրանոց անկման պարագայում միանգամից անդրադառնալ այդ հարցին՝ կարծում եմ սխալ կլինի։ Նույնիսկ 1 ամսով գնանկումը եւ դրա հիման վրա որոշում կայացնելը, որ ֆիքսված գնից տեղափոխվում են բանաձեւային գին՝ կարծում եմ սխալ է»,- ասաց Գրիգորյանը։