Ինչպես արագ և արդյունավետ վաճառել տունը

Tan vacharq

Նախքան բնակարանը վաճառքի հանելը, պետք է գնահատել ձեր սպասելիքները, թե որքա՞ն եք գնահատում կամ ակնկալում ստանալ վաճառքից: Ամենևին կարևոր չէ, թե ինչքան եք գնահատում ձեր տունը և որքան գումար եք նախատեսում ստանալ վաճառքից, կարևորն  այն է, թե արդյոք ինչ-որ մեկը պատրա՞ստ է վճարել այնքան, ինչքան գնահատում եք ձեր տունը: Ահա 7 հիանալի խորհուրդ, թե ինչպես բնակարանը վաճառքի հանել:

Ինչպես արագ և արդյունավետ վաճառել տունը

Օգտվեք օնլայն կայքերից և անշարժ գույքի գործակալության ծառայությունից

Կազմեք անշարժ գույքի վաճառքով զբաղվող կայքերի ցուցակ: Փնտրեք նմանատիպ առաջարկներ, ինչպիսին ձեր տունն է: Զանգահարեք և պարզեք վաճառքի գինը: Կարող եք զանգահարել անշարժ գույքի գործակալություն և ներկայացնել ձեզ որպես հավանական հաճախորդ: Որոշ կայքեր ունեն բնակարանի առցանց գնահատում: Դուք մուտքագրում եք հասցեն և այլ մանրամասներ, իսկ ձեզ տրվում են մի շարք բնակարանների գներ ձեր հարցմանն ի պատասխան: Գնահատումն այստեղ, իհարկե, չափազանցված է, բայց դուք  ընդհանուր գաղափար կունենաք այն մասին, թե որքան գումար կարող եք ստանալ վաճառքից:

Կարող եք դիմել գնահատման ընկերությունների: Նրանք մասնագիտորեն կմոտենան այդ գործին: Սակայն ծառայություններն անվճար չեն:

Գրավիչ  լուսանկարներ և ինֆորմացիա

Բնակարան վաճառելը կարող եք սկսել մասնագիտացված կայքերում և տպագիր մամուլում հայտարարություն տալուց: Այստեղ, բացի տան նկարագրության հստակ և գրավիչ տեքստից, ձեզ հարկավոր կլինեն բնակարանի լուսանկարներ: Դրանք կարող եք անել ցերեկային ժամերին բարձրորակ ֆոտոխցիկով:

Թանկարժեք անշարժ գույք վաճառելիս հաճախ հրավիրվում են նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչներ:

Բայց նույնիսկ, եթե դուք վաճառում եք մեկ սենյականոց բնակարան, լուսանկարները ևս պետք է ներկայանալի լինեն և տան ամբողջական պատկերը ներկայացնեն: Մուգ, մռայլ կադրերը ոչինչ չեն տա:

Մասնագետների մեկ այլ խորհուրդ. կադրում չպետք է լինեն ավելորդ իրեր: Օրինակ ՝ աթոռներին կամ բազմոցին դրված հագուստ: Առավել ևս անկյուններում ինչ-որ աղբ:

Ընդգծել առավելությունները

Յուրաքանչյուր բնակարան ունի իր առանձնահատկությունները, որոնք կարող են գրավել գնորդներին: Գտեք ձեր տան առավելությունները: Դա կարող է լինել պատուհանից բացվող գեղեցիկ տեսարան, մեծ պատշգամբ, մանկապարտեզ կամ դպրոց տան հարևանությամբ, հարմարավետ կանաչ բակ: Նշեք այս առավելությունները հայտարարության մեջ: Դրանք փաստարկ կլինեն ՝ հօգուտ ձեր նշած գնի և պարզապես կգրավեն գնորդների ուշադրությունը:

 

Ամեն ինչ սկսվում է մուտքից

Ցանկանում ե՞ք ավելի շատ գումար ստանալ բնակարանի վաճառքից ` ուշադիր զննեք մուտքը: Կեղտոտ շքամուտքը և չներկված, կեղտոտ պատերը կարող են վախեցնել գնորդներին: Իհարկե, կարիք չկա շքամուտքը վերանորոգել ամբողջությամբ, բայց գոնե աղբը մաքրել և լուսավորություն ապահովել (գոնե ժամանակավորապես) պարտադիր է:

Լուսավորություն

Բնակարանն ավելի հաճելի դարձնելու համար, պարզապես անհրաժեշտ է ճիշտ լուսավորել: Մութ բնակարանը դեպրեսիվ մտքեր է առաջացնում, ինչը, անշուշտ, չի հանգեցնի այն գնելու ցանկությանը: Մաքուր պատուհաններ, թեթև, գեղեցիկ վարագույրներ (պատուհանների վարագույրները պետք է պարտադիր լինեն, հակառակ դեպքում բնակարանի տեսքը անխնամ կլինի), գեղեցիկ ջահ  և գնորդն այլևս չի մտածի բնակարանի գնի մասին, այլ իրեն կփորձի պատկերացնել այդ տան տերը:

 Կարգի ենք բերում սենյակները

Փոշոտ վարագույրները, անմխիթար վիճակում գտնվող կահույքն ու կեղտոտ հատակը կարող են վախեցնել նույնիսկ ոչ այդքան քմահաճ գնորդին: Բնակարանը թանկ վաճառելու հարց այլևս չի կարող լինել: Ընդհակառակը, վաճառքի միակ փաստարկը կարող է լինել զեղչը:

Ռիելթորները փաստում են, որ հատկապես գնորդների համար կարևոր է տան մուտքի դուռը: Եթե ​​այն գտնվում է անմխիթար վիճակում, և գումար չունեք այն փոխելու, ապա գոնե մաքրեք և հնարավորության դեպքում ներկեք:

Հաճելի հոտերը նույնպես կօգնեն

Զգալի թվով մարդկանց համար հոտերը իսկապես կարևոր են: Բույրը վստահաբար ի վիճակի է ազդել գնման որոշման վրա:

Ընտրեք այնպիսի հոտեր, որոնք կարող են վառ հիշողություններ առաջացնել մարդու մոտ:

Ավելորդ իրերից ազատվեք

Վաճառքից առաջ փորձեք բնակարանն ազատել ձեր անձնական իրերից: Ձեր սիրած ծաղկամանները միայն ձեզ համար են թանկ: Գնորդը կարող է ունենալ իր նախասիրությունները: Եվ իհարկե, հարկավոր է թաքցնել անձնական իրերը աչքից հեռու: Թող գնորդն իր երևակայության մեջ իրեն արդեն տանտեր պատկերացնի (այդ դեպքում նա ավելի շուտ կգնի այն), օտար մարդկանց իրերը նրան կխանգարեն այդ հարցում:

Մասնագետները խորհուրդ են տալիս հեռացնել բնակարանից նաև այլ մարդկանց, ինչպես նաև կենդանիներին:

Նվեր՝ որպես բոնուս

 

Բոլորն էլ սիրում են նվերներ ստանալ: Եթե ​​դուք չեք պատրաստվում ձեր բնակարանից միկրոալիքային վառարանը, օդորակիչը կամ պահարանը վերցնել, առաջարկեք գնորդին թողնել որևէ իր հենց այնպես ` որպես նվեր:

Որոշ վաճառողներ առաջարկում են կենցաղային տեխնիկան թողնել տանը հավելավճարով: Եթե ​​իհարկե այն լավ վիճակում է, ապա ինչո՞ւ ոչ: Որոշ գնորդներ բացի բնակարանից, պատրաստեն գնել նաև տանը գտնվող տեխնիկան: Բայց եթե դուք երկար ժամանակ է չեք կարողանում վաճառել ձեր տունը, գուցե արժե՞ ինչ-որ բան որպես նվեր թողնել գնորդին: Միգուցե դա ստիպի հավանական գնորդին որոշում կայացնել ձեր օգտին:

Եվ այստեղ շատ կարևոր է բարյացկամ լինել գնորդների նկատմամբ՝ սիրալիր, բարձր տրամադրությամբ և պոզիտիվ: Դրական և բաց մարդը, որը պատրաստ է ցույց տալ ամեն ինչ, պատմել իր մասին (չափավորությամբ), առաջացնում է ավելի մեծ վստահություն և նրա հետ գործարք կնքելու ցանկությունը մեծանում է:

Վերանորոգում ` կոսմետիկ

Տունը վաճառելուց առաջ վերանորոգում կատարել, թե՞ ոչ: Իհարկե, կաթկթացող առաստաղը կվախեցնի գնորդին: Բայց թանկարժեք վերանորոգման համար մեծ գումար ծախսելը ակնհայտորեն ավելորդ է: Ներդրումներն արդարացված չեն լինի: Բավական է սոսնձել պաստառները, սպիտակեցնել առաստաղը և նետել հին կահույքը: Սա ձեզ հնարավորություն կտա հաղթել «մրցակից բնակարաններին», որոնք հին և անմխիթար տեսք ունեն:

 

Աննա Սարգսյան

Ձեզ կեհաքրքրի...