Գործատուն չի կարողանա աշխատողին ուղարկել իր հաշվին արձակուրդի եւ չվճարել. Կառավարությունը օրենսդրական փոփոխություն կանի

ashxatogh

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

«Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա Կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում, որն առաջիկա շաբաթների ընթացքում կբերի խորհրդարան: Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- տեղեկացրեց պատգամավորը:

Մեր հարցին, թե ի՞նչ չափի է լինելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատողի վարձատրությունը, Տիգրանյանը պատասխանեց.

«Նախագիծը դեռ աշխատանքային փուլում է, գուցե Կառավարությունն ինչ-որ փոփոխություն անի, մինչեւ ես ձեզ ինչ-որ թիվ ասեմ: Բայց պետք է այնպես լինի, որ գոնե նվազագույն աշխատավարձից պակաս գումար աշխատողը չստանա»:

Իսկ արդյո՞ք այդ փոփոխությունը կտարածվի այս օրերին առաջացած խնդիրների վրա՝ պատգամավորն ասաց, որ այն գրվում է հատուկ այս արտակարգ դրության ընթացքում առաջացած դեպքերի առիթով.

«Կապ չունի՝ երբ ուժի մեջ կմտնի այս փոփոխությունը, այն գրված է հենց այս դեպքի համար եւ նշվելու է, որ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ տարածվում մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝  այսինքն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից»:

Նշենք, որ «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներն այսօր հայտարարություն են տարածել, որ իրենց գործատուն հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել: Հայտարարությունում նշվել է, որ աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել այն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից:

Տիգրանյանն ասաց, որ բացի «ՍԱՍ Գրուպ»-ից, այլ ահազանգեր եւս կան, այդ մասին իրեն փոխանցում են արհմիությունները, ԶԼՄ-ները:

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...