Հեռախոսային հավելվածը թույլ կտա անձանց հասկանալ՝ արդյոք խնդիր ունե՞ն. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պարետատան գործունեությանը, նշեց, որ ամենօրյա ռեժիմով պարետատունը հավաքվում և քննարկումներ է իրականացնում: ՀՀ պարետը տեղեկացրեց, որ երեկվանից հանվել են Էջմիածնից դուրս կամ ներս անելու տեղաշարժի սահմանափակումները, քանի որ Էջմիածնի դեպքերի շղթայի գրեթե բոլոր հաստատված դեպքերը արդեն մեկուսացված անձանցից էին, նոր դեպքեր չէին հայտնաբերվել, և այլ վայրերում ևս կային վարակման դեպքեր:
Ավինյանը ներկայացրեց, որ Իտալիայի դեպքերի հետազոտությունը ցույց է տվել, որ մահվան դեպքերի 50 տոկոսը մոտավորապես այն անձանց մոտ է լինում, որոնք ունեցել են երեք և ավելի խրոնիկ հիվանդություններ:
Ավինյանը նաև տեղեկացրեց, որ կգործի կանխարգելիչ արդյունավետ գործիք, որը իրանցի գործընկերներն են տրամադրել: «Ունենալու ենք մի հեռախոսային հավելված, որը թույլ կտա անձանց, հարցերին պատասխանելով և իրենց տեղը, հեռախոսահամարը նշելով, տալ ինֆորմացիա իրենց առողջական վիճակի վերաբերյալ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հարցաշարերի հիման վրա մարդը կկարողանա հասկանալ՝ արդյոք ունի՞ խնդիր, և ի՞նչ է պետք անել այդ դեպքում»,- ասաց Ավինյանը: