Վարչապետն ընդունեց իր սխալը և ներողություն խնդրեց կուրթանցի Մեխակ Առաքելյանից

pashinyan

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։  Փաշինյանն այս մասին ասաց մարտի 11-ին Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում։

«Ստեփանավանում մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո, երբ սկսեց խոսել, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդն ու իր ընտանիքի կարիքները հոգա, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ տեսանյութից հետո մտածում է, թե արդյոք այդ տղայի հետ խոսակցության մեջ ինչ-որ սխալ բան է ասել։ «Ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից»,- նշեց վարչապետը։

Մարտի 7-ին Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի և կուրթանցի երիտասարդի զրույցը ոչ միանշանակ էր ընդունվել հասարակության կողմից: Մի մասը նրա արձագանքը կոշտ էր համարել, մյուս մասը՝ դրանում մոտիվացնող երանգ էր նկատել: Այս թեմայով քննարկումները սոցիալական ցանցերում չէին դադարում արդեն մի քանի օր:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին: 

Ես երկու սխալ եմ թույլ տվել և դրա համար ուզում եմ ներողություն խնդրել Մեխակից Առաքելյան և ձեզնից. Նիկոլ Փաշինյան

Ես երկու սխալ եմ թույլ տվել և դրա համար ուզում եմ ներողություն խնդրել Մեխակից Առաքելյան և ձեզնից. Նիկոլ Փաշինյան #Լուրեր

Опубликовано Լուրեր Среда, 11 марта 2020 г.

Ձեզ կեհաքրքրի...